Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մտնում է սենյակը, ձեռքով շոշափում է Արևհատի անկողինը։ Չկա։

Նանին չի իմանում, որ նրա անկողինը խոտն է, կանաչ և թավշյա։

— Աղջի՜, աղջի՜...

Քար լռություն։

Խռովվում է մայրական հոգին։

Բարձրանում է կտուրը, նայում լուսնին։ Նրան թվում է, որ լուսինն իր ամուսնու, Արևհատի նահատակ հոր, գանգն է, որ թափառում է երկնքում՝ անհանգիստ և տանջված, նայում է նա գիշերին, որոնում է նրա դահճին։ Խեղճ և որբևայրի կնոջը թվում է, որ թափառական գանգը կշտամբում է իրեն, որ չկարողացավ գտնել դիակը և թաղել, տալով նրան հավիտենական հանգիստ։

— Աղջի՜, Արևհա՜տ...

Արևհատի ծամերի մեջ գիշերվա հովն է խաղում, նանի, նրա սիրտը երգում է՝ որպես քնարը բնության, գնա՛ քնիր, հանգիստ և անխռով, աճում է քո աղջիկը՝ ինչպես բարդին առվի ափին, վարարում է նրա արյունը՝ ինչպես գետը գարնան։

— Ահո՜...— ձայն է տալիս Արևհատի հորեղբայրն այգու պռնկին։

Լողում է լուսինը՝ ինչպես շիրիմ չգտած անհանգիստ գանգը։

Հորեղբայրն օրորում է գլուխը, և բահն ուսին՝ քայլում է առվի ափերով։

Նանին վայր է իջնում կտուրից արցունքն աչքերին։

— Աղջի՜, Արևհա՜տ...

— Այստեղ եմ, նանի,— ձայն է տալիս Արևհատն անկողնից։

Նանին մտնում է ննջարանը, մոտենում է անկողնին, ձեռքը դնում Արևհատի ճակատին։ Վառվում է ճակատը ջահել աղջկա։

— Աղջի՛, ո՞րտեղ էիր։

Արևհատն ուզում է պահել ամեն ինչ իր սրտում, բայց սրտից բարձրացող մի ալիք խեղդում է նրա կոկորդը։ Պետք