անելու համար ներքին աշխարհի մեջ և ունկնդրելու հավետ այն երգը, որ սրտում երգում են բյուրավոր թռչուններ։
Հասան նրանք կայարան։
Հնչեց զանգը։
Արևհատին թվաց, որ թակաղն է ազդարարում հուղարկավոր թափորին՝ շարժվել դեպի գերեզմանատուն։ Վազում են արցունքները, խոշոր և ջինջ, Արևհատի այտերից, տխրում է հոգին՝ ինչպես մահվան փոսի ափին, դադարում է բյուրավոր թռչունների երգը։
Մի ծաղկավոր թաշկինակ ծածանվում է գնացքի լուսամուտից։ Արևհատին թվում է, որ իր վառվող սրտի բոցն է այդ։
Գնացքը շարժվում է, շարժվում է և Արևհատը գնացքի ուղղությամբ, հանկարծ դեմ է առնում երկաթյա մի արգելակի, կուրծքը հենում է երկաթներին և հառում է իր վառվող սրտի բոցին, որ հետզհետե անէանում է, երբ գնացքը մտնում է անտառապատ կիրճը։ Արևհատը լսում է գնացքի խուլ մռնչոցը ձորն ի վար։
Դատարկվում է փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը, միայն մի աղջիկ, այտերի վրա փոսիկներով, տխուր և արցունքոտ աչքերով, դեռ նայում է երկաթյա գծերին, որոնք գնալով մոտիկանում են իրար և կորսվում ահավոր կիրճի մեջ։
Բարձրանում է մթնշաղը, հեռավոր գյուղի վրա թափվում է ոսկի և վարդ, Արևհատը քայլում է ցորենի դաշտով՝ գլուխը կախ և արցունքոտ աչքերով։
— Աղջի՛ Արևհա՛տ։
— Այստեղ եմ, նանի։
— Աղջի՛, ի՞նչ եղավ։
— Գնաց, նանի։
Կծկվեց նանիի սիրտը։
Ոչ ոք չի կարող զգալ ջահել աղջկա սիրո մորմոքը, որքան մայրը՝ սիրով ծնած նրան։
— Արևհատ, մեռնեմ քո լույս երեսին, մեռնեմ ես քո արև հասակին։
— Աշխարհը մութն է, նանի։