Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աշխարհը լույս է, իմ մեկ հատիկ, մեր սիրտն է մութ։

Փաթաթվում են իրար, մայր և աղջիկ, լաց են լինում՝ ջանալով արցունքի լուսավոր կաթիլներով փարատել մութը սրտի։


6

Բայց մութը գնալով խորացավ, որովհետև վրդովվեց աշխարհի «խաղաղությունը», ոտի հանվեցին միլիոնավոր աշխատավոր բազմություններ։ Տերերը քշեցին նրանց արյունահեղ և ահավոր ռազմի։

Ուսանողին ևս քաշեցին ուսանողական գրասեղաններից և քշեցին ռազմաճակատ։

Հիշեց Արևհատը.

— Կվերադառնամ, երբ ծիրանի ծառի ձյունը թափվի երկրի վրա, և սվսվա դաշտերի գարնանավերջի սղոխը,— ասաց ուսանողը։

Եվ երբ թափվեց ծիրանի ծառի ձյունը երկրի վրա, և դաշտերում սվսվաց գարնանավերջի սղոխը, Արևհատը վազեց գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը և սպասեց նրան։

Կայարանում պատեց նրան տարակուսանքը, մթին և անորոշ, տարակուսանքը սիրող և տոչորվող աղջկա։ Այդ տարակուսանքը մաղվեց շրջապատի բոլոր իրերից և սուզվեց նրա հոգու մեջ։

Նրա սիրտը թռավ դուրս, երբ անտառապատ և մթին կիրճի խորությունից և հեռավորությունից ոռնաց գնացքի շչակը։ Արևհատի թևերը դատարկ էին ու տաք, և սպասում էին լցվելու, բայց գնացքը եկավ ու գնաց, բերեց բազմություններ աղմկոտ և փութկոտ, թափեց մթերքներ՝ աննախընթաց՝ գավառական փոքրիկ քաղաքի համար, և հեռացավ՝ տանելով այլ բազմություններ և այլ մթերքներ։

Գնացքներ նորից եկան ու նորից գնացին, բայց Արևհատի սիրտը, կծկված և տրտում, մնաց կայարանի երկար ու սև բարդիների ստվերների տակ։