Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
7

Դադարեց պատերազմը, բայց ուսանողը տուն չեկավ, չբաժանվեց իր հրացանից և կողքին կախված ձեռնառումբերից։ Նա այժմ ուսանողական համազգեստի փոխարեն՝ հագին ուներ գորշ շինել, գլխին՝ փափախ, ոտքերին պատառոտված սապոգներ. նրա աչքերը փայլում էին ատելությամբ և մեծ առավոտի շողերով։ Ապստամբ զինվորների հետ նա մտավ կայսրության մայրաքաղաքը, մասնակցեց բերդերի և պալատների պաշարմանը։

Ձեռնառումբերից բարձրացած ծխի և աղմուկի, պայթող թնդանոթների ահավոր որոտի տակ, կուրծքը հենած մայրաքաղաքի փողոցի մի սրբատաշ քարի՝ նա արձակում էր գնդակը հին աշխարհի դեմ և հիշում, ջերմությամբ և խելահեղ գուրգուրանքով, Արևհատին, որ հին և խաղաղ գյուղում սպասում է իրեն լի հավատքով և լի սիրով, ահա կդադարի և քաղաքացիական կռիվը, նորից կգնա գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը. նրան այնտեղ կսպասեն, աշխույժ և թարմագեղ, Արևհատը և մանկությունը, դաշտի միջով, մինչև գյուղը, նա կոստոստի Արևհատի և մանկության հետ, կուրծքը կբանա լուսաբացի լույսին և խոտի խելահեղ բուրմունքին, կհասնեն գյուղ, Արևհատի հետ կբարձրանան բլուրը, ծիրանի ծառի տակ, արևի ծիրանին կպարածածկի իրենց, սղոխը կերգի դաշտից, կերգի ամեն ինչ, կերգի մինչև անգամ ծիրանի փչացած կուտը, որ այժմ ընկած է հողի վրա։

Ուսանողը սթափվեց երազից, որովհետև թնդանոթները գոռում էին, հին դասակարգը վերջին ճիգով պաշտպանում էր երեք հարյուր տարի տիրած իր ամրոցներն ու ապարանքները, չլքելու գահերն ու ոսկյա պնակները, բայց բորփյուրե դահլիճներն արդեն սկսեցին դղրդալ ծանրածանր ոտների տակ, և դարավոր ցոփությունը տեղի տվեց նոր աշխարհի ստեղծարար աղմուկին։

Ուսանողը կեսգիշերին, գորշ շինելը հագին, հոգնած և մրսած, նորից սկսեց երազել. ահա նա քայլում է, մի տաք սիրտ, այնտեղ կարկաչում է արյունը, վազում է մարմնի