Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աղջի՛, ի՞նչ եղավ,— հարց տվեց նանին անհանգիստ սրտով, երբ արցունքոտ աչքերով, մռայլ և գլխիկոր վերադարձավ Արևհատը երկաթուղային կայարանից։

— Չեկավ, նանի,— պատասխանեց Արևհատը, և կործանվեց նրա սիրտը՝ ինչպես ջահավառ գմբեթը երկրաշարժից։

Մռայլ էին նրա արցունքները և առատ ինչպես գարնան սարերից դաշտ վազող պղտոր հեղեղը։

— Աղջի՛ քեզ խաբեց։

— Չէ, նանի, չէ։

— Բա ի՞նչ եղավ, աղջի՛։

— Պատերազմ է, նանի։

Նանին չպատկերագրեց պատերազմը, դեռ պատերազմն իրենց գյուղը չէր հասել իր ոչ մի հետևանքով, բայց մի քանի ամիս հետո տարան և Արևհատի մորեղբորը։

Նանին լաց եղավ իր մեկ հատիկ եղբոր ետևից և զգաց, որ ռազմաճակատը հետզհետե մոտենում է իրենց խաղաղ և նահապետական գյուղին։ Շաքարը պակասեց, պակասեց և նավթը, սպիտակ հացի տեղը երևաց սև հացը, և ամեն մի փոստ գյուղ հասնելուն՝ մի քանի տներում բարձրանում էր սրտամորմոք լաց, որովհետև զինվորական վարչությունը հաղորդած էր լինում, թե «ամսի այսինչին, այսինչ բարձունքի գիշերային հարձակման ժամանակ, հայրենիքի համար, հերոսաբար սպանվեց այսինչ գյուղի այսինչ երիտասարդը»։

Արևհատը կանգնում էր իրենց տան վերին սենյակի լուսամուտի առաջ և լուռ արցունքներ թափում ռազմաճակատից հասած ամեն մի դժբախտ լուրի առթիվ։

— Աղջի՛, ինչո՞ւ ես լաց լինում,— հարց էր տալիս նանին։

— Նանի, կոտորվում են բոլոր ջահելները,— պատասխանռւմ էր Արևհատը և բուռ-բուռ արցունքներ թափում նանի կրծքին։

Եվ գյուղում գրեթե ոչ մի տղամարդ չմնաց, այլ միայն կռացած ծերունիներ, բոլորը գնացին ռազմաճակատ, պատերազմը գնալով բոցավառվեց, կատաղությունն աճեց, մարդկային կատաղությունը, որ ո՛չ չափ ունի և ո՛չ սահման։