Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Արևհատը չկա, նրան պղծեցին և սպանեցին, նանը ողջ է, բայց խելագար...

Եվ ուսանողը զգաց դանդիռի մթությունը, թացությունն ու ցրտությունը, որ սուզվեց իր հոգու մեջ։

Գիշերը կուպրի նման սևացավ և քարացավ։

Առավոտյան նա բարձրացավ սարի գլուխը, գրկեց ծիրանի ծառի բունը, համբուրեց ծառը՝ որպես լանջերն Արևհատի, համբուրեց հողը, որտեղ կաթել էր Արևհատի արցունքը և, առանց գյուղ դառնալու քայլեց դաշտի միջով դեպի գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը։

Կառախումբը նորից մտավ կիրճը, կարմիր պարտիզանը լսեց որոտալիր արձագանքը։ Առաջին անգամն էր, որ իրեն ոչ ոք ճանապարհ չէր դնում, նայեց դեպի կայարանը և չտեսավ իր համար բոցավառվող ոչ մի թաշկինակ։

Նա գնաց և էլ չվերադարձավ։ Կռիվները դադարել էին, սկսվել էր խաղաղության և պատմական նոր ստեղծագործության դարաշրջանը։ Կարմիր պարտիզանը նորից վերադարձավ ուսանողական սեղանը և սկսեց վերծանել պատմությունը նոր տեսողությամբ, բայց նա չլքեց քաղաքացիական կռիվների հրացանը, մաքրեց, փայլեցրեց և կախեց գլխավերևում։ Նա նրա վրա նայեց ոչ իբրև մահվան գործիքի, այլ մի գործիքի, որ միացած իմացականության հետ՝ ստեղծեց նոր աշխարհը և պիտի ամրացնի այն։

Փակվեց սրտի ծալքը։

Լուսամփոփից արծաթ էր հոսում մարմարյա սեղանին և այն մատյանի վրա, որ հեղաշրջեց դարը և փոխեց աշխարհի ընթացքը։

Գիտնականի ռնգունքներում տակավին բուրում էր Արևհատի ծաղկավոր զգեստի հոտը։ Սրտի փակված ծալքի մեջ նորից մնացին ծիրանի ծառի երկու տերև՝ անվթար ու զվարթ, և շուշանի պես սպիտակ մի ձեռք։

Վեր կացավ գիտնականը, գնաց պատշգամբ։

Աստղազարդ գիշեր։

Հեռո՜ւ, հեռո՜ւ, բյուրավոր կապույտ սարերի և կանաչ դաշտերի ետև բարձրանում է ծիրանի ծառը։ Նրա կրծքից