Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, ես հասկանում եմ քեզ, բայց չէ՞ որ նոր ես վերադարձել կրակից։

ՎԱՍԻԼԻ.— (Կիսագրկելով Մարիաննային) Մարիաննա, աղավնյակս, առանց այս կռվին մենք ստրուկներ ենք մնալու, դու մնա տանը հանգիստ և խաղաղ, եթե այս կռվում մենք մեռնենք, դա նշանակում է, որ մենք օգնած կլինենք աշխարհի բոլոր չքավորների ազատությանը։ Անդրյուշան և դու ջահել եք, կվայելեք կյանքը։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, Նադեժդա Իվանովնան ասաց, որ քաղաքում կազակներին բաց են թողել և իշխանության հակառակորդներին պետք է բռնեն ու տեղնուտեղը գնդակահարեն։

ԱՆԴՐԵՅ.— Թո՛ղ դժոխք գնա Նադեժդա Իվանովնան. դու ասա նրան, որ առավոտյան իր գործը վերջացած կլինի։ Մնաս բարով, Մարիաննա, սիրելիս։ (Համբուրում և դուրս է գնում:)

ՎԱՍԻԼԻ.— Մնաս բարով, Մարիաննա. մի՛ մտածիր, կտեսնես հեղափոխության բարիքները, աշխարհը կփոփվի, աշխարհը կդառնա հեղափոխական հաղթանակից հետո մի փառավոր վայր ապրելու համար։ Միայն մի պայմանով, Մարիաննա, որ փոխվի, իսկապես փոխվի աշխարհը։ (Գնում է:)

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Լուսամուտը բաց է անում և նայում է նրանց ետևից) Անդրյուշա, (ձեռքով ողջերթ է մաղթում) Անդրյուշա։

ԱՆԴՐԵՅ (Դրսից և հեռվից) Մարիա՛ննա, փակիր լուսամուտը, ցուրտ է, սիրելիս, կմրսես։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Ձեռքով ողջերթ է մաղթում, ապա փակում է լուսամուտը, տխուր նայում է չորս կողմը: Քիչ անց մտնում է Մարիաննայի քույր Կատյուշան:)

ԿԱՏՅՈՒՇԱ (Համբուրելով Մարիաննային) Ո՞ւր է Անդրյուշան. քաղաքն ամբողջ կրակի է տրված, սկսվել է արդեն արյունահեղությանը։ (Հրացանաձգության ձայներ հեռվից:)

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշան հենց հիմա կռվի գնաց, հենց