Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Թաղային կոմիսարի սենյակ: Անդրեյը, նստած մի պարզ սեղանի առաջ, ինչ-որ գրում է: Գրությունը լրացնելուց հետո՝ կնքում և զանգ է տալիս։ Մտնում է մի զինված բանվոր:

ԱՆԴՐԵՅ.— Խնդրեմ՝ այս գրությունը շուտով հասցնես Արտակարգ Հանձնաժողովի գրասենյակը, շտապ է, ընկեր։

ԲԱՆՎՈՐ.— Շատ լավ, ընկեր կոմիսար, իսկույն, բայց իմ պոստի վրա ոչ ոք չկա։

ԱՆԴՐԵՅ.— Ես մի ուրիշին կնշանակեմ։

ԲԱՆՎՈՐ.— Գնացի... (Դուրս:)

Անդրեյը մի սլահ դուրս է գնում:

ԱՆԴՐԵՅ.— (Դրսից) Մատվեյ, խնդրում եմ այստեղ, գրասենյակի մուտքը հսկել, մինչև ընկերը վերադառնա։ (Ներս է գալիս: Զանգահարում է հեռախոսով:) Տվեք 205, հալլո՜։ Ո՞վ է, այո՛, ի՞նչ եղավ, ինչքա՞ն եք հաջողել։ (Զայրացած) Անմիջապես ձերբակալեցեք տանտիրոջը, կնոջն էլ հետը. եթե մի քիչ նստեն, կասեն ամեն բան։ Այո՛, այո՛։ Անմիջապես։ Ճիշտ է։ Այդպես էլ կարծում էի։ Վերջապես ձեռք քաշեցեք այդ զգուշավորությունից։ Լսի՛ր, եթե ձեռքից փախցնես, դու անձամբ պատասխանատու ես հեղափոխության առաջ։