Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԻՆՎ. ԲԱՆՎՈՐ.— Ընկեր կոմիսար, փողոցում ձերբակալեցի այս մարդուն, հայհոյում էր հեղափոխությանը։

ԱՆԴՐԵՅ.— Բրավո՜ հանդգնություն...

ՄԱՐԴԸ.— Նայած թե ինչպես է հասկացել իմ ասածները։

ԱՆԴՐԵՅ.— (Բարկացած) Ի՞նչ լեզվով էիր խոսում, օտար լեզվով հո չէի՞ր խոսում, որ չհասկացավ։

ՄԱՐԴԸ.— Ոչ, ընկեր կոմիսար, խոսում էի մեր լեզվով։

ԱՆԴՐԵՅ.— Ուրեմն կարող էր սխալ չհասկանալ։

ՄԱՐԴԸ.— Սխալ է հասկացել։ Ես ասում էի, որ...

ԱՆԴՐԵՅ.— (Ընդմիջելով) Ի՞նչ մարդ եք դուք, ի՞նչ դասակարգի եք պատկանում։

ՄԱՐԴԸ.— Ես ասում էի, որ այս արյունահեղությունը...

ԱՆԴՐԵՅ.— (Զայրույթով ընդմիջելու) Ի՞նչ գործով եք զբաղվել, ի՞նչ պրոֆեսիա ունեք, ո՞րն է ձեր դասակարգը, դասակարգն ասեք, դա է կարևորը։

ՄԱՐԴԸ.— Թույլ տվեք խոսքս վերջացնեմ, ասեմ, թե ինչ էի ասում։

ԱՆԴՐԵՅ.— (Բղավելով) Ասեք ձեր դասակարգը և ապա սկսեցեք խոսել, ես ձեզ կլսեմ մինչև վերջ։

ՄԱՐԴԸ.— (Հանգստացած և ուրախ) Համարյա պրոլետար եմ, չքավոր ինտելիգենտ։

ԱՆԴՐԵՅ.— Սա էլ նոր դասակարգ է, համարյա պրոլետար (ծիծաղում է): Հիմա ասացեք, թե ինչ էիք ասում։

ՄԱՐԴԸ.— Ասում էի, որ այս արյունահեղությունը լավ չէ, դա կկործանի մեր հայրենիքը, թշնամին կգրավի մեր երկիրը, ոչինչ էլ չի փոխվի։ Ահա իմ բոլոր ասածները, այս ընկերը լսելուն պես՝ ինձ ձերբակալեց, պետք է ասել, որ շատ կոպիտ էլ վարվեց ինձ հետ, մինչև անգամ հրացանի կոթով մի անգամ էլ խփեց կողիս։

ԱՆԴՐԵՅ.— Լսի՛ր, ողորմելի մարդ, ոչ թե կողիդ, այլ գլխիդ պետք է խփել, իզուր չի արել, լավ է արել, որ ձերբակալել է քեզ. հենց քեզ պես մարդկանց պետք է ձերբակալել։ Ավելի վտանգավոր եք դուք, քան ճակատից կռվող պրոլետարիատի թշնամիները։

ՄԱՐԴԸ.— Ընկեր կոմիսար...

ԱՆԴՐԵՅ.— (Բղավելով) Մի ընդմիջի խոսքս. ես քեզ լսեցի