ԻՍԽԵԼ.— (Պահարանը տարվելուց հետո` պահարանի դրված տեղի պատի վրա փնտրտուքներ է անում:)
ՄՈՒՆԵՏԻԿ.— Վերջին անգամ՝ 50 ոսկի։ (Լռություն) Ծախված է։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Դուրս:)
ՄՈՒՆԵՏԻԿ.— Արևելյան գորգերը։
ՄԻ ՀՐԵԱ.— 2 000 ոսկի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ներս է գալիս մի փոքրիկ տուփով:)
ՄՈՒՆԵՏԻԿ.— 2000 ոսկի։ (Լռություն) 2000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։
ՄԻ ՀՐԵԱ.— (Էժան գնելու համար ձեռքերն է շփշփում:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Տուփը դնելով սեղանի վրա) Սա ամենից արժեքավորն է Տյուզյանների ապարանքում։
ԻՍԽԵԼ.— (Առանց ուշադրություն դարձնելու Հաջի Չելեբու խոսքերին՝ պատի վրա փնտրտուքները շարունակում է:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ադամանդներ և զանազան գոհարեղեններ են ծախվում, Իսխել էֆենդի, չեք կարող անտարբեր լինել։
ԻՍԽԵԼ.— Ես հնարավորություն չունեմ մտածելու ի՛մ ունեցած ադամանդների ու գոհարեղենների մասին։ Չեմ ցանկանում։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հա՜, հա՜, հա՜, զարմացնում եք, ապշեցնում եք դուք ինձ։
ԻՍԽԵԼ.— Կարող է պատահել։
ՄՈՒՆԵՏԻԿ.— (Խոշոր մարգարիտների մի շարան, որոնց մեջտեղում փայլում են ադամանդներ և սուտակներ՝ բռնում և բարձրացնում է վեր) Ահավասիկ։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Ձեռքը երկարում է:)
ՄՈՒՆԵՏԻԿ.— (Հանձնում է շարանը արարողապետին:)
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ի՜նչ հարստությունների են տիրացել Օսմանյան կայսրության հավատարիմ ծառաները։
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Արդար միջոցներով այսքան հարստություն...
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Միայն արդարությունն է վարձատրվում, տեր իմ։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ուրեմն դուք կարծում եք, որ Տյուզյանները արդա՞ր էին։