Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱԼԵՏ.— Հաջի Չելեբին լավ է իմանում սեփականության իրավունքը, տեր իմ։

ԻՍԽԵԼ.— Վճարել եմ ես դրա համար իմ ճակատի քրտինքները։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ։.— Դուք ձեր քրտինքները վճարեցիք ոչ թե ապարանքին, այլ իմ ապտակին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Դուրս: Նրա ետևից դուրս են գնում սենեկապետը, Ա. թարգմանը և երկու պալատականներ:)

ԻՍԽԵԼ. (Գազազած) Լսեցեք դուք Հալետ էֆենդիի երդումը։

ՀԱԼԵՏ.— Երդվում եմ՝ դուք ետ կստանաք այդ ապտակը ձեր գլխով։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Տյուզյանները շատ երիտասարդ և միամիտ էին, Հալետ էֆենդի։ Ես 40 տարեկան եմ։

ՀԱԼԵՏ.— 40 գլուխ էլ ունենաք, վաղը չպետք է լինի նրանցից և ոչ մեկը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ջղային շարժումներով միրուքն է շփում:)

ԻՍԽԵԼ.— Մի մոռանաք, ամիրա, որ այս ապարանքը ինձ է պատկանում, և ձեր ներկայությունը հաճելի չէ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Գազազած աչքերով և քթերի ծակերը լայն-լայն բացած՝ նայում է Իսխելին, ապա մտնում է մատուռը և Տյուզյանների մոր թևից բռնելով՝ բարձրացնում է, իսկ հարսին՝ ձեռքից, և գնում են դահլիճի դռնից դուրս:)

ՄԱՅՐԸ.— (Դուրս գալուց առաջ արցունքոտ աչքերով նայում է ամբողջ դահլիճին և լուռ հեռանում:)

ՀԱՐՍԸ.— (Գլխիկոր և լալով հեռանում է:)

Նրանց հետևում են բոլորը, բացի Հալետից և Իսխելից:

ԻՍԽԵԼ.— Իմ բոլոր ծառայությունների փոխարեն ես մինչև հիմա ոչինչ չեմ խնդրած ձեզանից։ Պահանջում եմ հիմա Հաջի Չելեբու գլուխը։

ՀԱԼԵՏ.— Երդվեցի մարգարեի անունով և կկատարեմ, բայց սուլթանին պետք է հասկացնել և ձեռք բերել գլխատման հրամանը։

ԻՍԽԵԼ.— Գլուխը, Հալետ էֆենդի, Հաջի Չելեբու գլուխը, թե ոչ չեմ կարող տանել կաթոլիկ սրիկայի ապտակը:

ՀԱԼԵՏ.— Պետք է պատճառաբանել նրա գլուխը կտրելու պահանջը։