Հաջի Չելեբին արքունի գլխավոր սեղանավորն է։
ԻՍԽԵԼ.— Պահանջում եմ ես ձեզանից իմ բոլոր ծառայությունների հատուցումը։ Երեսուն տարի ամբողջ ես ծառայել եմ հարստացնելու ձեզ, հարթել եմ ձեր առաջ ցցված բոլոր խոչընդոտները Բաղդադից մինչև Ստամբուլ։ Հիշո՞ւմ եք, ես իմ ճանկերով փորեցի տասնյակ հորեր՝ թաղելու համար ձեր անձնական թշնամիներին։ Կրել եմ թուք, մուր, վիրավորել են իմ ցեղային արժանապատվությանը, ես պահել եմ հավիտենական լռություն՝ չվտանգելու համար միայն և միայն ձեզ։ Պահանջում եմ կաթոլիկ ամիրայի գլուխը։ Ես բարոյական իրավունք ունեի սպասելու, որ դուք ապտակին կպատասխանեք գեթ ժամանակավոր ապտակով, բայց դուք միայն սպառնացիք սպանությամբ, ակնկալում եմ, որ գեթ այս սպառնալիքը իրագործեք վաղը արշալույսին։
ՀԱԼԵՏ.— Իմ երդումը երդում է, Իսխել, միայն պետք է գտնել պատճառը՝ համոզելու թագավորին նրա գլխատման հրամանը տալու։
ԻՍԽԵԼ.— Ես արել եմ ամեն ինչ, վտանգելով իմ կյանքը, որպեսզի ձեզ ազատեմ ամեն տեսակի վտանգներից։ Հալետ էֆենդի, պիտի անեք ամեն ինչ ինձ ապտակողին պատմելու համար։
ՀԱԼԵՏ.— Դավադրության մեջ դու վարպետ ես, Իսխել, գտիր հնարքը, ես գործադրեմ։
ԻՍԽԵԼ.— Ես կգտնեմ հնարը, եթե դուք, Հալետ էֆենդի, արիություն ցույց տաք։
ՀԱԼԵՏ.— Պատրաստ եմ։
ԻՍԽԵԼ.— (Ջղային երթևեկում է դահլիճում, միրուքի թելերը քաշում է և կծում) Առևտրական զեղծարարություն անհնարին է վերագրել Հաջի Չելեբուն։ Ստամբուլի մեջ նա ամենախորամանկ և ամենավարպետ մարդն է։
ՀԱԼԵՏ.— Ապա՞։
ԻՍԽԵԼ.— Նրան պետք է ամբաստանել ճշմարիտ կրոնի դեմ հայհոյած և գործած լինելու մեջ։
ՀԱԼԵՏ.— Ճշմարիտ կրոնի դե՞մ... կասկածում եմ։
ԻՍԽԵԼ.— Մեղսակից է նա կաթոլիկ պաշտամունքի։ Կաթոլիկ