Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՒԼԹԱՆ.— Ամբողջովին զսպվա՞ծ են ենիչերիները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Կտրուկ է սուրը մեր օգոստափառ կայսեր։

ՍՈՒԼԹԱՆ.— Գլխատվեցի՞ն բանակին հաց հայթայթող զեղծարարները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Այո, տեր իմ, այս արշալույսին։

ՍՈՒԼԹԱՆ.— Ե՞րբ կմեկնի ներքին գործերի նազիրը դեպի կայսրության արևելյան սահմանները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մեկնեց երեկ իրիկվա նավով։

ՍՈՒԼԹԱՆ.— Պետք էր հրահանգել նրան լավ աչքով նայել անհավատ հայերին, նրանք իմ կայսրության օգտակար տարրերն են։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Անհավատների օգտակարության չեմ հավատում. թող ների ինձ մեր օգոստափառ սուլթանը։

ՍՈՒԼԹԱՆ.— Դուք պետականորեն չեք մտածում, մեծ վեզիր։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Թող ների ինձ մեր ղազի սուլթանը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ լուր արարողապեաից։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Նա շուտով այստեղ կլինի զեկուցելու ձեզ, տեր իմ, Տյուզյանների աճուրդի մասին։

ՍՈՒԼԹԱՆ.— Միայն կարճ կապի։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Տեսնում է մեր օգոստափառ սուլթանը, որ Տյուզյաններն էլ հայեր էին և անհավատարիմ գտնվեցին կայսրության փողերանոցի գործում։

ՍՈՒԼԹԱՆ.— Ես դեռևս բոլորովին էլ համոզված չեմ նրանց մեղավորության մասին։ Ճիշտ է, հրամայեցի գլխատել, բայց դա ոչինչ չի նշանակում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մի՞թե Հալետ էֆենդիի փաստերը կասկածելի էին։ Նա շատ մեծ ծառայություններ է մատուցել օսմանյան գահին և ժողովրդին։

ՍՈՒԼԹԱՆ.— Այդ ծառայությունները ես չեմ տեսնում, և ինձ դուր չի գալիս նրա անսահման փողասիրությունը։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մարդկային է, օգոստափառ, մենք բոլորս սիրում ենք փողը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ինչ որ է, պետք է շահել մյուս ամիրաների սրտերը։ Իմ կայսրության ամբողջ եկամուտը նրանց ձեռքին է։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մի՞թե մեր իսլամ եղբայրները չեն կարող