Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան օգտակար լինել այդ ասպարեզում, որքան անհավատները, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Ելևմտական գործերում իսլամները շատ անճարակ են։ Հիշո՞ւմ եք, վեզիր, ձեզ ուղարկեցի Արևելյան Ռումելի և...

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Իմ անճարակությունը նորին օգոստափառությունը թող չվերագրի իմ բոլոր ցեղակիցներին։

ՍՈՒԼԹԱՆ.— Դուք նրանց մեջ տանելին եք, մեծ վեզիր, այնուամենայնիվ։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Մտնելով և խոնարհվելով) Արարողապետը ունկնդրություն է խնդրում նորին վեհափառությունից։ Մենք միասին վերադարձանք Տյուզյանների ապարանքից։

ՍՈՒԼԹԱՆ.— Պետք է կարճ կապել, սակայն, պատմությունը, սենեկապետ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ինչպես որ հրամայում է նորին վեհափառությունը։ (Դուրս):

ՍՈՒԼԹԱՆ.— Ձանձրանում եմ։

Մտնում են արարողապետ, Ա. սենեկապետ և Ա. թարգման, բոլորը խոնարհվում են:

ՍՈՒԼԹԱՆ.— Խոսեցե՛ք, արարողապետ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ծախեցինք Տյուզյանների կահ-կարասիները և ապարանքը։ Ականատես եղանք, օգոստափառ, նրանց դիզած հարստության։ Օսմանյան ողջ փողերանոցը կուլ է գնացել նրանց անկշտում կոկորդին։

ՍՈՒԼԹԱՆ.— Կա՛րճ, արարողապետ, կա՛րճ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Խոնարհվում է) Նորին օգոստափառ կայսեր մի տխուր լուր ունեմ հայտնելու։

ՍՈՒԼԹԱՆ.— Տխուր լո՞ւր։ Տրամադրություն չունեմ լսելու։ Ցանկանում եմ այսօր զվարճանալ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ոչ մի տխուր լուր չպետք է մթագնի օսմանյան կայսեր ճակատը։

ՍՈՒԼԹԱՆ․— Ասացե՛ք, արարողապետ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ— Նորին վեհափառությունը քաջ ծանոթ է, որ կայսրության սահմաններում արգելված էր կաթոլիկ