Սիրանուշը սև, խոշոր աչքերով, սպիտակ մորթով, առատ մազերով մի աղջիկ էր, խոսում էր ու ծիծաղում և ուրիշին ճաքեցնելու մեծ հատկություններ ուներ։ Ճաքեցնելու համար նա չէր ընդդիմախոսում. ճաքեցնում էր համաձայնելով, այդ համաձայնության մեջ կար այնպիսի նրբին հեգնություն, ինչպես իր սքանչելի ձեռագործներում։
Մենք միասին էինք դպրոց գնում. ես առաջնորդում էի նրան։ Երբ հեռանում էինք տնից, նա բռնում էր ձեռքս և կամաց-կամաց սեղմվում ինձ։ Ես հպարտ էի, որ ահա պաշտպանում եմ մի քնքուշ աղջկա։ Ես սիրում էի նրան, որովհետև նա ինձ չէր ճաքեցնում, իմ հանդեպ նա չէր գործածում ամենաթույլ հեգնությունն անգամ։
Սիրանուշն ևս դժբախտ եղավ, որովհետև սպանվեց նրա ամուսինը չար մարդկանց ձեռքով։
Ձայնիկը՝ դա ես էի, եթե աղջիկ ծնված լինեի — կապույտ աչքեր՝ սև հոնքերով ու սև թարթիչներով նիզակավորված, սև մազերով և սպիտակ մորթով։ Ձայնիկը ահա զայրանում է մի րոպե և քնքշանում հաջորդ րոպեին։ Այնպես լավ էի հասկանում ես նրան։ Շատերի համար նա մի մութ առեղծված էր, բայց նրա բնավորությունը, մինչև անգամ նրա անիմաստ գործերը ինձ համար կարդացված գրքի պես էին։ Այդ գործերը, որոնք անիմաստ էին կոչվում, անգամ ես էի անիմաստ կոչում, ես ինքս էլ կանեի այնպես, ինչպես Ձայնիկն էր անում։
Ինչքան եմ հիշում քեզ, կապուտաչյա իմ քույր։ Քեզ հիշելիս՝ իմ հոգին լցվում է պատկերներով. հիշում եմ մեր պարտեզը, կտուրը, ծաղկող աքացիան, հիշում եմ աշնան դեղին տերևները, որ քամին քշում բերում էր մեր դռան առաջ, հիշում եմ ձյունի սպիտակ փաթիլները, այդ ձյունի մեջ քո ոստոստումները, և հիշում եմ մորս վերջին մայրությունը։ Քեզանով վերջացավ, կապուտաչյա իմ քույր, նրա կողերի խայտանքը, ընդմիշտ լռեց նրա քնարը։ Դու եղար վերջինը, որ ծծեցիր նրա կաթը, դու, մորս վերջին մանուշակ, վերջին երգ, վերջին բերկրանք։