Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Բացի իմ քույրերից, կային և ուրիշ աղջիկներ, որոնք աճում էին իմ մանկության հետ, որոնք ծաղկում ու վառվում էին իմ մանկության ափերի վրա։

Դեռևս նրանց ամեն մեկի ճիչը թրթռում է իմ ականջում, նրանց ամեն մեկի ժպիտը ծաղկում է իմ աչքերի առաջ։ Նրանք գարուններ էին, որոնք վազում էհն գարունների մեջ, նրանք ծաղիկներ էին, որոնք թավալվում էին ծաղիկների գրկում։

Նրանցից մեկը Քրիստինեն էր, դժգույն, ինչպես սառած մաքուր մեղրը, բայց հանդիպելիս՝ նա շիկնում էր, այնքան շիկնում, որ ահա, կարծես, պետք է վառվի։ Փոքրիկ էր, լիքը, կլոր, սպիտակ ձեռներով, բայց էլի լիքը և փոսիկներով։

Մոտենում եմ, որ բռնեմ մազերից, փախչում է մեղմ ծիծաղելով: Նրա ծիծաղը մեծ սիմֆոնիայի մի բեկորն էր կարծես:

Վազում է Քրիստինեն պարտեզի կածաններով, ինչպես եղնիկն անտառում, բարձրանում տան վերևի հարկը, բաց անում լուսամուտը, նայում ներքև ու ծիծաղում։

Քրիստինեն մի աստղ էր՝ վար ընկած երկնքից և խոշորացած։

— Վար եկուր։

— Չեմ գար, մազս կքաշես։

— Եկուր, չեմ քաշեր։

Իջնում է նա պարտեզ։ Ես հեռանում եմ դեպի պարտեզի թավուտները։ Նա հետևում է ինձ։ Կանգ եմ առնում այնտեղ, ուր ոչ ոք չի կարող նշմարել մեզ, մինչև անգամ երկնքից դիտողը։

Քրիստինեն կանգ է առնում թավուտի մուգ կանաչում։ Կարծես մի անծանոթ ձեռք թավուտների մեջ մի կանթեղ վառեց և անհետացավ։

Մոտենում եմ։

Գլուխը կախում է։