ՍՈՒԼԹԱՆ.— Խնդրի՛ր, Հաջի Չելեբի, քո ցանկացած բարձր պաշտոնը, և ես կտամ քեզ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ինչպես ասացի, պաշտոնները ինձ չեն շահագրգռում. մի փոքրիկ, համեստ պաշտոնում ես օգտակարությամբ կծառայեմ իմ փադիշահին և ճշմարիտ կրոնին։
ՍՈՒԼԹԱՆ.— Ես քեզ նշանակում եմ արքունի գանձարանի պետ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Աղաչում եմ իմ խալիֆայից և փադիշահից չվիրավորել իմ համեստությունը։
ՍՈՒԼԹԱՆ.— Ես քեզ նշանակում եմ Անգլիայի դեսպան։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Իմ փադիշահը և իմ խալիֆան թող չաքսորի իր ամենաստրուկ ծառային Հայրենիքից դուրս։ Ես ատում եմ քրիստոնյա ժողովրդներին և պետություններին։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Թույլ տվեք, օգոստափառ տեր, որ Հաջի Չելեբին ինքը ընտրի իր պաշտոնը։
ՍՈՒԼԹԱՆ.— Այդպես թող լինի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Փադիշահի և խալիֆայի ամենահլու ծառան խնդրում է իր աիրոջից նշանակել իրեն մաքսատան վերատեսուչ, ուր նա կարող է հսկել կայսրության արտածությանը և ներածությանը, մի պաշտոն, որի մեջ նա կարող է լավագույն կերպով ծառայել իր փադիշահի լայնածավալ կայսրության։
ՍՈՒԼԹԱՆ.— Մեծ մարդիկ փոքր պաշտոնների մեջ չեն կարող օգտակար լինել, բայց կփորձեմ։ (Ներքինուն) Կանչի՛ր մեծ վեզիրին։
ՆԵՐՔԻՆԻ.— (Դուրս:)
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Ներս) Հրամայեցեք, տեր իմ։
ՍՈՒԼԹԱՆ.— Նշանակում եմ Հաջի Չելեբուն...
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Նայելով Հաջի Չելեբուն և տեսնելով իսլամական տարազով՝ ապշում է:)
ՍՈՒԼԹԱՆ.— Մաքսատան վերատեսուչ։ Հայտարարի՛ր առանձին հրովարտակով։ Նվիրում եմ նրան Օսմանիեի առաջին ականակուռ շքանշան։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Լսում եմ, տեր իմ։