հոգու աչքերով։ Մի քանի անգամներ ինձ թվացել է, որ ես ապրում եմ ծանր խավարում, բայց այսօր զգում եմ, որ աչքեր ունեմ և տեսնում եմ, ականջներ ունեմ և լսում եմ։
ՍՈՒԼԹԱՆ.— Հավատում եմ քո խոսքերին. լույսը ճշմարտություն է, և տեսնողը այդպես էլ զգում է։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խոնարհվում է:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Օգոստափառ տեր, ես ցանկացա, որ Հաջի Չելեբին իր իսլամական ապարոշը կապի մարգարեի հաջորդի ներկայության։
ՀԱԶԻ ՉԵԼԵԲԻ.— (Ծունկ է չոքում սուլթանի առաջ:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— (Տալիս է մի սպիտակ ապարոշ սուլթանին, և սուլթանը կապում է Հաջի Չելեբու ֆեսի շուրջը:)
ՍՈՒԼԹԱՆ.— (Կանգնող ներքինուն) Կանչի՛ր այստեղ հանդերձապետին։
ՆԵՐՔԻՆԻ (Դուրս:)
ՍՈՒԼԹԱՆ.— Մարգարեի հաջորդը ցանկանում է վարձատրել քեզ իր վերարկուներից մեկով։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խոնարհվում է սուլթանի առաջ և համբուրում է նրա վերարկուի քղանցքները:)
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ.— Ի՞նչ է հրամայում իմ տերը։
ՍՈՒԼԹԱՆ.— Բեր այստեղ իսկույն իմ վերարկուներից մեկը։
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ.— (Դուրս:)
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Հավատում եմ, որ սրանից հետո Հաջի Չելեբին կծառայի կայսրության և խալիֆայի հարյուր անգամ ավելի եռանդով և հավատարմությամբ։
ՍՈՒԼԹԱՆ.— Կվարձատրվի նա Մարգարեի կողմից։
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ.— (Ներս է գալիս վերարկուով և տալիս է սուլթանին:)
ՍՈՒԼԹԱՆ.— (Առնելով վերարկուն՝ ձգում է Հաջի Չելեբու վրա:)
ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏ.— (Դուրս:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Համբուրելով վերարկուն՝ ոտի է կանգնում, հագնում է և գլուխը ծռած նայում գետնին:)