Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է հետևեն իմ թշնամիները։ Եթե մի որևէ օր նորից մատուռ կառուցվի իմ տան մեջ՝ իմ թշնամիները դուրս կբերեն գաղտնիքը։ Այն ժամանակ ես չեմ կարողանա, իբրև իսլամ, պաշտպանել իմ տունը և կտանջվեմ: Խնայեցեք ինձ, խնդրում եմ, այդ տանջանքը։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Մենք առանց մատուռի կարող ենք շարունակել մեր պաշտամունքը, քո քաղաքական կացությունը չվտանգելու համար։

ՀԱԿՈԲ.— (Ներս) Տյուզյանների մայրը ցանկանում է ձեզ տեսնել, տիկին։

ՍԸՐՄԱ.— Ներս հրավիրիր։

ՄԱՅՐԸ.— (Ներս է մտնում սևեր հագած:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Մնում է գամված իր տեղում:)

ՄԱՅՐԸ.— (Տեսնելով Հաջի Չելեբուն) Ուրեմն ճշմարի՞տ է...

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այո, մեծ տիկին։

ՄԱՅՐԸ.— Այդքան շո՞ւտ մոռացաք ձեր կրոնը, ամիրա, այն կրոնը, որ երեկ ձեզ այդքան հերոսություն ներշնչեց։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մեծ տիկին, ներեցեք ինձ։

ՄԱՅՐԸ.— Մարդիկ միայն իրենց դավանած կրոնով են տարբերվում իրարից:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մարդկանց մեջ տարբերություն դնողը արժանապատվությունն է, մեծ տիկին։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ասա՝ կիրքր։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կիրքը, եթե ուզում ես: Ներեցեք ինձ, պետք է գնամ։ (Համբուրելով աղջկանը և կնոջը) Մնացեք բարով, մնացեք բարով։

ՍԸՐՄԱ.— Վերջին անգամ աղոթիր մեզ հետ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Աղոթե՞լ, երբե՛ք։ Այո, այո, ես խոստացա աղոթել ամեն երեկո։

ՍԸՐՄԱ.— Մենք ցանկանում ենք, որ դու աղոթես մեզ հետ վերջին անգամ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կաղոթեմ, կաղոթեմ այս երեկո։ Մնացեք բարով։ (Դուրս:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Լալիս է:)

ԲՈԼՈՐԸ.— (Լուռ են և տխուր:)