ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— Հիվանդ է ամիրան։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մնում է ինձ աշխարհը։ Սըրմա, պետք է ներես ինձ, որ ես բաժանվում եմ քեզանից և բոլորից՝ նոր ընտանիք կազմելու։ Կփոխեմ հարյուրավոր կրոններ մինչև պատժեմ սրիկաներին։ Տյուզյաններից հետո կարգը կհասներ և ինձ, և բոլորին։ Ուրիշներն են ցանկանում տիրել, լավ է որ ես տիրեմ։ Սուլթանի սարայում ես համբուրեցի այն երեսը, որ առավոտ ապտակել էի: Կհամբուրեմ հարյուրավոր ապտակած երեսներ՝ մինչև պատժեմ նրանց։ Ցանկանում եմ տիրել։ Ես եմ տիրելու։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Դա մարդկային ստոր ցանկություն է։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Վսեմության չափեր չկան։ Միայն բառեր են դրանք։ Ես ուզում եմ իմ բարեկամին խրատել միայն ապրել արժանապատվության գիտակցությամբ։ (Սըրմային և Սիրանուշին) Ես բաժանվում եմ ձեզանից։ Ապրեցեք համաձայն ձեր ներքին ձայնի։ Ես կգնամ իմ ճանապարհը։
ՍԻՐԱՆՈՒՇ.— (Փաթաթվելով հորը՝ լաց է լինում:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի՛ լաց լինիր, աղջիկս, երգիր սուրբ կույս Մարիամի երգը, հորդ դավանափոխությունը արգելք չէ քո քրիստոնեական վերացումներին։
ՍԸՐՄԱ.— Միայն խոստացիր ամեն երեկո քո տան մեջ մրմնջել սուրբ կույս Մարիամի երգը։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Դժկամակելով, բայց կնոջը դուր գալու համար) Լավ, շատ լավ։
ՍԸՐՄԱ.— Մենք չենք մոռանա քեզ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Լռությունից հետո) Մատուռը անհետացա՞ծ է։
ՍԻՐԱՆՈՒՇ.— Այո։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Պողոս ամիրային) Պիտի խնդրեի քեզանից, որ իմ ընտանիքը իր կաթոլիկ պաշտամունքը քո ապարանքի մատուռում կատարեր։
ՍԸՐՄԱ.— Բայց քանի որ...
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Վստահ եմ, որ իմ տան ներքին կյանքին