Սիրտս պոկվում է, փախչում է վանդակից դուրս։ Բռնում եմ նրա մազերից։
— Քաշի՞մ։
— Քաշե,— շշնջում է Քրիստինեն։
— Ես քու մազերդ չեմ քաշեր,— ասում եմ և մոտեցնում եմ շրթունքներիս։
Այդ մազերի բուրումը պարտեզի բոլոր ծաղիկների բաժակներից էր հավաքել։
Երբ բռնում եմ նրա ձեռքը, աչքերը բոցավառվում են։
Էլի փախչում է։
Ոչ մի կանթեղ թավուտների մուգ կանաչում։
Խոշորացած և երկնքից վար ընկած աստղ, Քրիստինե, ես քեզ հիշում եմ։
Վերոնին ես տեսնում էի տարեկան մի անգամ։ Մայրս ինձ նշանել էր նրա հետ օրորոցում։ Եվ այդ պատճառ էր լինում, որ նա փախչեր ինձանից։ Փոքրիկ և բոսոր աղջիկ, ես հիշում եմ քո մարգարտյա ատամները, քո ծնոտի փոսիկը, քո ձեռքը, որի նմանը ես տեսա միայն Ջոկոնդայի կրծքի վրա, հիշում եմ քո ճակատը, բարձր և լայն։
Ես լսեցի որ երկինքը խորտակվել է քո պայծառ պարտեզների վրա։
Հիշում եմ մորաքրոջս աղջկան՝ Ռեբեկային։
Մեծղի, առողջ, ժիր, շարժուն, մտացի և պոետ մի աղջիկ էր Ռեբեկան, որի կապույտ և խոշոր աչքերը միայն բավական էին, որ կարելի լիներ վերականգնել ողջ խորտակված երկինքը։
Այդ երկինքը խորտակվեց Ռեբեկայի լուսաբացի բարձր և սպիտակ շուշանների վրա։ Տարան նրան արաբական անապատները... լսեցի ահավոր մորմոքով, որ նրա արևային ճակատի և այտերի վրա խալեր են դրոշմել...