Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չլսեցիր։ Ամիրայի իպամությունից հետո դու ևս կարող էիր իսլամանալ, փրկելով ամիրայի հոգեկան ծանր կացությունը։ Ես տեղյակ եմ նրա խոր սիրույն դեպի քեզ և իր զավակը։ Դու կփրկեիր մանավանդ նրա հոգեկան կացությունը, պատճառ լինելով որ նա կրկին չամուսնանա։

ՍԸՐՄԱ.— Ապա իմ հոգի՞ն, պառավ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Թույլ տուր ինձ ասելու, որ մտածելով քո հոգու մասին՝ կորցրիր քո սերը։ Սերը, տիկին, հիմք է ամեն բանի։ Բարություն կարող էիր անել մինչև անգամ չդավանելով ո՛չ մեկին և ո՛չ էլ մյուսին, բարությունը կրոնի հետ կապված առաքինություն չէ։ Մեզ համար հնարավորություն չկա տեղեկանալու ամիրայի ներքին կյանքին, բայց ես գուշակում եմ, թե նա ամեն երեկո արցունքներով է անցկացնում իր կյանքը։

ՍԸՐՄԱ.— Ասում են, ոչ մի տեղ չի գնում, բացի իր պաշտոնատեղից։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Դու կարծում ես, որ նա կմեռնի իր բնակա՞ն մահով։

ՍԸՐՄԱ.— (Լալիս է:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Նրա իմաստությունը և նրա հոգեկան ուժը, իհարկե, դեռևս երկար կարող են նրան պահել հավասարակշռության մեջ, բայց վերջ ի վերջո... Սխալ արիր դու, տիկին, իմ սպիտակ մազերը ինձ համարձակություն են տալիս ասելու այս առանց ծածկելու։ Սխալ արիր, որ չիսլամացար։ Իհարկե, ամիրան այդ երբեք չէր խնդրի, չէր առաջարկի, բայց ես ասացի քեզ ժամանակին։ Կրոնի հանդեպ եղած անարգանքի համար հրեային ապտակելուց հետո՝ նրա քաղաքական կացությունը ուրիշ կերպ չի փրկվի։ Պետք էր իսլամանալ։ Իսլամացավ։

ՍԸՐՄԱ.— Այդ բոլորը ճիշտ է, բայց ես չէի դավաճանի իմ կրոնին։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Ասենք՝ դրա մասին մտածելու կարիք չկա։ Արդեն ուշ է ամեն ինչ, միայն ուրախ երևա պստիկ տիրուհու առաջ, որպեսզի նա գնա և պատմի ամիրային։