այժմ նազիր և վեզիր են մեր սարայում այս երեք առաքինություններով։ Մեր երկրորդ սենեկապետը հինգ տարի առաջ Ղալաթիայում պոռնկանոցի տեր էր, սողոսկեց մինչև արքունիքի դռները, և դու կտեսնես, որ մի օր նազիրներից մեկը կանհետանա, և սենեկապետը կդառնա նազիր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ.— Զարմանալի է, որ այդ իմաստությամբ դեռևս ծառա ես արքունիքում։
ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— Մենք սևամորթ ենք, տղաս, այս բոլորը սպիտակամորթների համար է։ Մեր պաշտոնը պետք է լինի ծառայել մեր ապուշ թագավորին և ապրել ինչքան սատանան է կամենում։ Սևամորթ... դա արդեն ինքնին բնական անեծք է։ Սևամորթը, այն երեք առաքինություններից բացի, պիտի ունենա և մի ուրիշ առաքինություն՝ դավադրել, իսկ դավադրելը կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր սևամորթները միանան։ Այդ միությունը չկա։ Մեկ-մեկ ուզում եմ խեղդել թագավորին և մի քանի նազիրների, տապալել գահը, բայց թեկուզ սպիտակամորթ, մի հոգով ոչ մի բան ձեռք չի բերվի։ Բաժանել են մեր ցեղի մի մասը զանազան երկրներում, իսկ մնացածն էլ ապրում է Աֆրիկայում՝ կիզիչ անապատներում։ Ո՛ւհ, այնպես ցանկանում եմ դավադրել։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ․— Թագավորը, թագավորը...
ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— Աղոթենք մեր թագավորի արևշատության համար։ (Երկուսն էլ խոնարհվում են:)
- Մտնում են և արքունի արարողապետները:
ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ լուր այսօր իմ կայսրության մայրաքաղաքի կյանքից։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Մի խումբ հարբած մարդիկ աղմկելով անցել են այս առավոտ սարայի առջևից, բարեբախտաբար օգոստափառը քնած էր ծովահայաց ննջարանում։ Ձերբակալված են աղմկողները։
ՍՈՒԼԹԱՆ.— Հրամայում եմ, որ աղմկողները իսկույն ևեթ գլխատվեն։
ԱՐԱՐՈՂԱՊԵՏ․— Կկատարվի, տեր իմ։ (Խոնարհվում է:)