Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՒԼԹԱՆ.— Ապա կարգագրի՛ր, արարողապետ, որ ձկնորսները առավոտները աղմուկ չբարձրացնեն ծովում, սարայի լուսամուտների տակ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Հրամայեցեք և կկատարվի իսկույն, օգոստափառ։ (Լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ.— Այսօր ի՞նչ օր է։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Կիրակի է, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ սիրում ես կիրակի օրը։ Կիրակի օրերը ես անպայման վնաս եմ հասցնում մի իսլամի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Թող համբերատար լինի խանը ղազին և իսլամների խալիֆան։

ՍՈՒԼԹԱՆ.— Պիղծ և անպիտան օր է կիրակին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Քավ լիցի, որ մի որևէ իսլամ մտածի, թե խալիֆան հանցավոր կարող է լինել, բայց պետք է հաղթել, օգոստափառ, չար օրվա չար բերումներին։

ՍՈՒԼԹԱՆ.— Մարգարեի անունով երդվում եմ, որ չեմ խնայի և ամենահավատացյալ իսլամին, եթե նա գործել է իմ կայսրության շահերի դեմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Իսլամը միայն փոքրիկ սխալներ կարող է գործել, հանցանք՝ երբեք։

ՍՈՒԼԹԱՆ.— Լսի՛ր։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Լսում է միակ արքայի միակ ստրուկը, խանը ղազի։

ՍՈՒԼԹԱՆ.— Քո լեզուն շատ է բլբլում։ Կկտրեմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ինչպես որ իմ տիրոջ կամքը կցանկանա իր ստրուկի համար։ (Խոնարհվում է. լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ.— Գտի՛ր ինձ համար մի վրացի հարճ։ Դուր են գալիս ինձ այդ սևաչյա վրացուհիները։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պատրաստ է նա մարգարեի հաջորդի համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Այսօր ևեթ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պատրաստ է, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ ցանկանում կամազուրկներին։ Կամազուրկները ինձ ձանձրացնում են։ Ուզում եմ դժվարահաճներին, հասկանո՞ւմ ես։