Տարվա բոլոր եղանակներում՝ առավոտյան, հին քաղաքից և գյուղերից մեր փողոցով էին անցնում մեր քաղաքի շուկայում խանութ ունեցողները, արհեստավորները, մշակները և երեկոյան միևնույն մարդիկ վերադառնում էին հին քաղաքն ու զանազան գյուղերը։
Այս մարդկանց մեջ կար մեկը, որ մեր քաղաքի բարձրագույն դպրոցի մատեմատիկայի ուսուցիչն էր։
Այս ուսուցիչը երկու բանով տարբերվում էր ուրիշներից՝ օսլայած սպիտակ օձիք ուներ և նստում էր սպիտակ իշու վրա։
Էշն ավելի նշանավոր էր, քան ինքը։ Նա սովորություն ուներ, միայն առավոտները, մեր դռնից մի քիչ վերև աղիողորմ զռալ, որից մեր փողոցի բոլոր բնակիչները զարթնում էին և խաչակնքում։
Ով որ տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում՝ 7-ից քառորդ անց։
Իսկ նրանք, որոնք ժամացույց չունեին և էշի զռալն ավելորդ էին համարում, զայրանում էին և սկսում մրթմրթալ.
— Ինչո՞ւ չէ, ազգի փարայով էշ կհեծնա։
Մի օր մեր տանը, Նիկողոս աղայի նախագահությամբ, ժողով գումարվեց, որին մասնակցում էր նաև մատեմատիկայի ուսուցիչը։
Երբ մատեմատիկոսը ներս մտավ, ծառան նրա էշը տարավ պարտեզ և կապեց մի ծառի։
Ժողովի ամբողջ ընթացքում ես կանգնած էի սենյակի շեմքի մոտ և միայն սպասում էի, որ հոգաբարձության անդամներից մեկը սիկարեթը փաթաթի և ես պատրաստ լինեմ լուցկին տնկելու նրա քթին։
Ժողովի ընթացքում բուռն վեճ բացվեց մատեմատիկոսի ռոճիկի հավելման շուրջը։ Մատեմատիկոսը պնդում էր, որ ռոճիկի վրա անպայման հավելում պետք է լինի, իսկ հոգաբարձությունը միահամուռ դեմ էր։
Մատեմատիկոսը գյուղում էր ապրում և մերժում էր քաղաքում բնակվել, բայց գյուղում բնակվելով և ամեն օր քաղաք գալով՝ անձնական ծախսերն ավելանում էին։