Վերջապես, հոգաբարձության անդամներից մեկը, որի բեղերն ականջներից անցնում էին և խառնվում գլխի ետևի մազերի հետ, խռպոտ ձայնով ասաց.
— Պարոն վարժապետ, էշը հերիք չէ՞։
Մատեմատիկոսը չպատասխանած, էշը պարտեզից սկսեց այնպես զռալ, որ տան պարտեզի կողմի լուսամատների ապակիները շխշխկացին։
Մատեմատիկոսը դարձավ երկար բեղերով հոգաբարձուին.
— Հը, ստացա՞ր պատասխանը,— ասաց։
Երկար բեղերով հոգաբարձուն չշփոթվեց և անմիջապես վրա տվեց.
— Եթե թվաբանության մեջ ալ էշին օգնության կդիմեք, խոսք չունինք։
Այս վեճը պարզեց այն, որ մատեմատիկոսի էշը տրված էր հոգաբարձության կողմից։ Դա կազմում էր պայմանագրի մի մասը, և դրա համար էր, որ էշի զռալուց չօգտվողներն ասում էին.— «Ինչո՞ւ չէ, ազգի փարայով էշ կհեծնա»։
Այդ ժողովից մի քանի օր հետո, նույն այդ ժողովի ամբարտավան նախագահը՝ Նիկողոս աղան, զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց ամբողջ քաղաքում։
Մեր քաղաքում միայն մեկ հատ անառակ կին կար՝ Մարիցան։
Ասում էին, որ նրանից առաջ էլ եղել էր մի ուրիշը, նրա անունն էլ Մարիցա։
Այնպես որ շատերն անառակ կնոջ փոխարեն Մարիցա էին ասում...
Օրինակի համար՝ մեկը հարցնում էր.
— Ո՞ւր տեղաց։
Մյուսը պատասխանում էր մի աչք փակելով.
— Մարիցայի մոտեն։
Մարիցան — նրան մատով էին ցույց տալիս փողոցների անկյուններից, լուսամուտներից, կտուրներից։