ՍՈՒԼԹԱՆ.— Ո՞ւր են հանցավորները, մեծ վեզիր, եթե փախչե՞ն։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Շուտով կլինեն նորին վեհափառության ներկայության։
ՍՈՒԼԹԱՆ.— Շուտ, կատաղությունս կարող է ավելի աղետավոր դառնալ իմ կայսրության համար։
ՆԱԶԻՐ.— Համբերեցեք, վեհապետ։
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Կալանավորները, տեր արքա։
- Մտնում են Հալետ և Իսխել:
ԻՍԽԵԼ.— (Ներս մտնելուն պես՝ փռվում է սուլթանի ոտները) Իմ անունը միայն գործածված է, ես ոչ մի բաժին և շահ չունեմ ոսկիների մեջ:
ՍՈԻԼԹԱՆ.— Հեռացրե՛ք պետության այս դավաճանին իմ ոտներից։ Օձի պես է փաթաթվում։
ԻՍԽԵԼ.— Գթացեք, օգոստափառ։
ՀԱԼԵՏ.— (Բոլորովին լուռ է և արհամարհական:)
ՍՈԻԼԹԱՆ.— Սրանք դավաճանել են իմ կայսրության դեմ՝ օտար երկրներից փոխադրելով օսմանյան կեղծ ոսկիներ։ Սենեկապետ, կանչի՛ր արքունի դահճապետին։
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհվելով՝ քաշվում է:)
ՍՈՒԼԹԱՆ.— Ես իմանում էի, որ անհավատները կարող էին դավաճանել, բայց չէի իմանում, որ նրանց աջակից կարող է լինել և մի իսլամ։ Կպատժեմ ես այս դավաճաններին։
- Ավագանին հուզվում է:
ԻՍԽԵԼ.— Գթացեք ինձ։
- (Ներս է մտնում դահճապետը մի ահռելի բեղով և ոսկրոտ մարդ, դանակներով զինված և մի դանակ էլ խածած առաջի ատամներով):
ԴԱՀՃԱՊԵՏ.— (Բարևում է) Կտրուկ է խանը ղազիի սուրը։
ՍՈՒԼԹԱՆ.— Իսկույն ևեթ կտրիր կայսրության այս դավաճանների գլուխները։