ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Թող ների ինձ կայսրը, իմ հոգին տկար է արյուն տեսնելու համար։
ՍՈՒԼԹԱՆ.— Մի՛ միջամտի, չեմ կարող պատիժը մեղմացնել։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Քավ լիցի, տեր իմ, որ ես միջամտեմ կայսեր և կայսրության գործերին, միայն խնայեցեք ինձ արյան տեսարանը։
ՍՈՒԼԹԱՆ.— Կայսրության ծառան պետք է տոկա արդարության համար գործված ոճրին։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Թող ների ինձ իմ կայսրը:
ՍՈՒԼԹԱՆ.— Մնացի՛ր այստեղ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Քաշվում է մի կողմ և միրուքը շփելով՝ արտահայտում է անհուն բավականություն:)
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Ներս) Մի քանի րոպեից այստեղ կլինեն ձերբակալվածները։
ՍՈՒԼԹԱՆ.— Ասացեք՝ կայսրության դավաճանները։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Կայսրության դավաճանները, տեր իմ։
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Ամբողջ ավագանին այս րոպեիս կլինի փադիշահի ներկայության։
ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ վիճակի մեջ է պալատը։
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Կես-գիշերվա խոր և խաղաղ քնի մեջ է, տեր արքա։
ՍՈՒԼԹԱՆ.— Հսկի՛ր, որ աղմուկ չբարձրանա և չխռովի պալատի անդորրությունը։
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)
ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ վիճակի մեջ է մայրաքաղաքը։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Խաղաղություն և հանգստություն, տեր արքա։
ՍՈՒԼԹԱՆ.— Կեսգիշերին միայն ես եմ անհանգիստ այս դավաճանների ձեռքում։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ծանր է կայսրության բեռը, խանը ղազի։
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Բանալով վարագույրը) Ավագանին, փադիշահ։
- Ներս են մտնում նազիրներ և պալատականներ, խոնարհվում են և տեսնելով սուլթանին գազազած վիճակի մեջ՝ սկսում են ինչ-որ փսփսալ: