Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նիկողոս աղան հասավ բազարի մեծ հրապարակը և կորավ բազմության մեջ։

Ամբոխը ցրվեց բավարարված և հանգստացած։

Այդ դեպքից հետո Նիկողոս աղային ոչ ոք չտեսավ քաղաքի փողոցներում, խանութը մնաց փակ։

Ասում էին, որ տանն էլ ոչ ոքի չի ընդունում, քաշվել է մի առանձին սենյակ, ծխում է, քայլում անընդհատ, գլուխն օրորում, ինքնիրեն խոսում, հայհոյում։

Վեց ամիս հետո լուր տարածվեց, որ Նիկողոս աղան լցրել է իր ընտանիքը մի կառքում և գիշերով հեռացել է քաղաքից՝ վերջին անգամ թքելով քաղաքի հողի վրա, կոշիկների փոշին թափ տալով։

Թե ո՞ւր գնաց Նիկողոս աղան, ի՞նչ եղավ — ոչ ոք չիմացավ:

* * *

Գարուն է։ Մեր փողոցում ծաղկում են նշենիները, խնձորենիները, տանձենիները, սալորենիները և ակացիաները։ Հեռուն՝ Մաստառի գագաթին, դեռևս ձյունը համառում է, դիմադրում է անէանալու վտանի մեջ եղող որևէ տարերքի նման, բայց արևը հաղթանակում է ծաղկավառ, կանաչավառ դաշտում։

Երբ առավոտյան գյուղական սայլերը մտնում են քաղաքը, անցնում են մեր փողոցով, եզների կոտոշները զարդարված են նոր ծաղկած նշենիների սպիտակ մեծ ճյուղերով. իրենց ծաղկած վիճակում ինչքան նման են ձյունի տակ մնացած ճյուղերին։

Սայլապանների գդակների չորս բոլորքը շարված են անպայման խնձորենու վարդագույն ծաղիկներ, որպեսզի գույնով տարբերվեն նշենու սպիտակ ծաղիկից։

Սայլերի ճռճռոցը սկսվում էր շատ կանուխ, գարնանային մթնշաղի այն կախարդական ժամերին, երբ քունն այնքան էր քաղցրանում, որ դառնում էր անդիմադրելի։

Սայլերի ճռճռոցը օրորում էր մեզ, մենք վարժ էինք այդ երաժշտության, նրանք հեռվից գրկում էին մեզ, խորացնում