Վերևից գալիս էր, ավելի ճիշտ՝ խուժում էր երեխաների մի ստվար բազմություն։
Այդ բազմությունը հալածում էր մի մարդու՝ հոգաբարձության նախագահ Նիկողոս աղային։
Երեխաներն աղաղակում էին.
— Մարիցայի մոտ էր գացեր...
— Էհե՜յ, էհե՜յ, Մարիցայի տուն են դուրս եկավ...
Նիկողոս աղան գետնից քար էր վերցնում, նետում բազմության։ Երեխաները ցրվում էին, ինչպես թռչունների մի երամ, բայց էլի հավաքվում և ճչում ավելի բարձր.
— Հոգաբարձության նախագահը Մարիցայի մոտ...
Երեխաների բազմության խառնվեցին և հասակավորները։
Նիկողոս աղան պատասխանում էր.
— Սուտ են, սուտ են։
Եվ ահաբեկ, ամոթածեծ նա վազում էր, սարսափով լցված և խուզարկու աչքերով հառում էր դռներին։
Նա որոնում էր մի որևիցե բաց դուռ, որպեսզի ներս մտնի և ազատվի ամոթի անգութ ճանկերից։
Բայց բոլորն էլ փակում էին դռները, քաշվում ներս՝ մեղսակից չլինելու համար այն հանցանքին, որ բոլոր մարդիկ, բոլոր ժամանակներում գործել էին։
Երբ Նիկողոս աղան հասավ մեր դուռը, մեր տան կանայք իջեցրին լուսամուտների վարագույրները, դուռն արդեն փակ էր։
Ես կտուրից տեսա Նիկողոս աղային բավականին մոտիկից. քրտինքը ողողել էր նրան, գլխից շոգի էր բարձրանում, վզի երակներն ուռած, շրթունքները պրկված, սարսափը դանակի նման աչքերում ցցված։
— Բոլոր գիշերը Մարիցայի մոտ էր... աղաղակում էին ոմանք։
— Հոգաբարձության նախագահը,— աղաղակում էին ուրիշները։
Հայրս նստած էր թախտի վրա։ Երբեք չմոտեցավ լուսամուտին։ Քաշում էր ծխախոտը և շշնջում.
— Անպիտաններ, կարծես ուրիշ գործ չունին։