որևէ ակնկալության։ Նրանք չէին հիշում մի րոպե առաջ արած իմ մարդկային չարությունը։
Զարնում էի, ցավից վնգստում էին միայն մի ակնթարթ, ապա նորից գալիս, քավում էին, լիզում էին իմ ոտները, այն ոտները, որ խփել էին նրանց։
Այդպես է իսկական սերը՝ շնային։
Ես անցնում էի հռովմեական հինավուրց ճանապարհից՝ շներով շրջապատված։ Նրանք հավաքվում էին իմ շուրջը, մի քանիսը քայլում էին ինձանից առաջ, մի քանիսը՝ ինձ հավասար, իսկ ջախջախիչ մեծամասնությունը՝ իմ ետևից։
Ես գիտեի նրանց բոլորի անունը, գիտեի նրանց ծննդական թվականները, մինչև անգամ նրանց սերնդաբանությունը, ճանաչում էի ամեն մեկի հորը, պապին, ապուպապին, բայց իրենք, իբրև շներ, մոռանում էին իրենց ծնողներին, եղբայրներին, մոռանում էին մանավանդ քույրերին, որովհետև կռվում էին իրար հետ, կծում էին իրար, հոշոտում և հուսկ ապա սիրաբանում ու սերնդագործում։
Ալոն մոռացավ իր քրոջը, նրանից լակոտներ ունեցավ, լակոտներն իրենց հերթին մոռացան իրար և, շարունակեցին սերունդը։ Նրանք իմանում էին, թե երբ եմ դուրս գալու դպրոցից, շարվում էին դռան առաջ, ճանապարհ էին գցում ինձ մինչև տունը։
Ներս եմ մտնում, ցրվում են։
Դուրս եմ գալիս, շարվել են ուրախ աչքերով, բարեկամական ամեն տեսակ ժպիտներով։
Մեր պարտեզի երկար կաղամախիի վրա արագիլը կառուցել էր իր բույնը, այնպես ուղիղ և երկար, ինչպես մարմարյա մինարեները իսլամական մզկիթների բակերում։
Մինչև այդ արագիլը չվերադառնար հարավից՝ մորս համար դեռ գարունը չէր եկել, և ոչ մեկին թույլ չէր տալիս, որ ձմեռային հագուստները փոխեն։ Իսկ երբ արագիլը գալիս