Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, և եթե մինչև անգամ մայրս տեսած չլիներ և միայն մենք տեսած լինեինք, վազում էինք տուն, հանում վերարկուները, շպրտում և դուրս վազում։ Մայրս վերադառնում էր տուն և սկսում հարցուփորձը.

— Ինչո՞ւ եք հաներ ձմեռվա սաքոները[1]։

— Լագլագը եկեր է...

— Ինչ կըսե...

Եվ մայրս էլ բարձրանում էր կտուրը, որպեսզի տեսնի արագիլը։ Արագիլը կափկափում էր կաղամախիի բարձունքից, և, չգիտեմ ինչու, մայրս խաչակնքում էր։

Մեր պարտեզի ծառի վրա արագիլի բույն շինելը մայրս համարում էր բախտավորություն։ Պարտեզի մյուս ծառերի վրա գտնվող ուրիշ թռչունների հետ մենք իրավունք ունեինք խաղեր խաղալու, մինչև անգամ բույներն ավերելու, բայց չէինք համարձակվի որևէ բան անել արագիլին։ Ամենաշատը՝ կարելի էր քար նետել — այնքան բարձր էր նրա գահը, որ ոչ ոք չէր կարող հասնել։ Մագլցել կաղամախիի վրա՝ անկարելի էր, վախեցնել նրան՝ նույնպես ավելորդ էր, կարևորություն չէր տա, միայն քար կարող էինք նետել, և այն էլ արգելված էր մորս կողմից։

Մի տարի չէր եկել, մեր տանը մահ էր պատահել։ Իհարկե, զուգադիպել էր արագիլի բացակայությունը մահվան, բայց մայրս հավատում էր դրան, ինչպես հաստատված մի օրենքի։

Եվ պատահեց, որ մի տարի ևս չերևաց արագիլը։

Մայրս գնալով տխրեց։

— Մահը տի գա,— ասում էր և խորը թախծում։

Տան բոլոր անդամներին նայում էր գորովանքով, միգուցե ամեն մեկին նայեյիս՝ մտածում էր, որ նրան կարող է գալ մահը։

Ուզում էին փարատել նրա կասկածը։

— Բոշ բանի մի հավատար, մայրիկ։

— Տարին չի թամամած՝ մահը տի գա,— հայտարարում էր նա խորագույն հավատով։

  1. Վերարկուները։