Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոբիկ ոտների վրա այնպես էր երևում, կարծես հոգնությունը ներկ լիներ քսած նրանց մարմնի վրա։

Հոգնություն...

Ամբողջ աշխարհը խնդությամբ ողջունում էր նոր ծագող արևը, բայց մշակներն ավելի խորը խնդությամբ, քան ամբողջ աշխարհը, ողջունում էին վերջալույսը, ողջունում էին նրանք մռայլաթև մութը արևային խնդությամբ, որովհետև մութը բերում էր նրանց տառապանքի թեթևացում, հանգիստ, անսահմանորեն խորը հանգիստ։

Եվ երբ ես տեսնում էի նրանց բահերը պատն ի վեր տնկված՝ ինձ թվում էր որ բահերն էլ հոգնել են և քնում են։ Պատահում էր երբեմն, որ բահերից մեկը կամ երկուսը թողնված էին լինում հողի մեջ — հենց խրած և էլ չքաշած — ինձ թվում էր, որ այդ բահերը դեռևս շարունակում են աշխատանքը՝ հոգնած և ուժասպառ։

Այնքան բարի մայրս չէր մտածում նրանց մասին, այն կինը, որ ամեն կիրակի աղքատներ էր բերում տուն և նրանց հետ ճաշի նստում, մի քանի ընտանիքների դրամական օգնություն էր անում, լաց էր լինում, լաց էր լինում, երբ տեսնում էր քաղցածներ, բայց գտնում էր որ մշակները պետք է աշխատանքը սկսեն արևածագին և վերջացնեն արևամարին։

Նրանց հոգնածությունը նշմարվում էր և նրանց կռնակներից՝ առանց բեռի, բայց կարծես ահավոր բեռան տակ կքած էին, հոգնածությունը մանավանդ երևում էր նրանց աչքերի մեջ և ձեռների վրա։

Շաբաթ երեկոները նրանք գալիս էին տուն, շարվում պատն ի վեր, որպեսզի նրանց հաշիվները տեսնեին, վճարեին աշխատավարձը և ճամփու դնեին։

Նրանք շնորհակալություն էին հայտնում և գնում։

Թ

Տակավին չի մթնել, հորիզոնը բռնել է բաց-կարմիր հրդեհ, մինչև անգամ փողոցում բարձրացած փոշին վարդագույնին է տալիս։ Գյուղ գնացողների շարանն արդեն պակասել է, փողոցը հորանջում է, քունը տանում է, հոգնած է։