Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր տնեցիները մեկիկ-մեկիկ կտուրն են բարձրանում, սպիտակ անկողինները բաց անում, որպեսզի միջօրեի շողը փախչի մեջներից։

Խաղաղ է ամբողջ քաղաքը, դադարել է կովերի բառաչը, որովհետև լակը տվել են, կթել և հանգիստ թողել նրանց, որ որոճան։

— Եկե՜ք, հասե՜ք, մեռցրին, իրար կուտեն, թեզ հասեք։

Աղիողորմ, աղեկեզ, անդիմադրելի մի ճիչ, որ գնալով դռնում է զարհուրելի մի ողբ։ Ձայնը ծանոթ է, մեր հարևանուհին է, դիմացի տնից։

Ողբը լսվում է տան ներքնահարկից, մութ նկուղից, տան այն մասից, որտեղ ամբողջ ամառը ոչ ոք ոտք չի կոխի։

Բոլոր հարևանները վազում են։ Առաջին հերթին հասնում է մեծ եղբայրս, որովհետև նա չի սպասում սանդուղներից իջնելու, կտուրի քիվից բռնում է ծառի ճյուղը, օրորորում է իրեն օդում և ցատկում փողոց։

Ես կանգնած եմ կտուրին, դողում եմ ամբողջ մարմնով, ողբը շարունակվում է աղեխարշ դառնությամբ՝ «հասե՜ք, հասե՜ք, իրար կերան»։

Քիչ անց, մեծ եղբայրս — հերկուլեսյան մի տղամարդ — դուրս է քարշ տալիս երկու պատանիների, մեկի թևից բռնած և մյուսի՝ կրծքի շորերից։ Երկուսի բերանից էլ արյուն է հոսում, մազերը գզգզված, շորերը պատառոտած, աչքերը նման են այն շներին, որոնց լակոտների վրա ուրիշ անծանոթ շուն է հարձակվում։

Նրանք դեռևս ուզում էին իրար վրա նետվել և պատառոտել իրար, բայց եղբորս հզոր բազուկները նրանց պահում են իրարից անվտանգ հեռավորության վրա։

Հազիվ մենք կարողացանք ճանաչել ողբացող մոր երկու պատանի զավակներին՝ Վահրամին և Հրաչին։

Վահրամն ու Հրաչը երկու եղբայրներ էին, Վահրամը՝ 19 տարեկան, Հրաչը՝ 17։ Հրաչի ծնված օրը ծնվել էր նաև Վերոնիկան, հարևանի աղջիկը։ Հրաչի ու Վերոնիկայի ծնողները նշանել էին նրանց օրորոցից։

Մեծացել էին և նախքան Հրաչի՝ կնոջ գոյություն ունենալն զգալը, Վահրամը սիրահարվել էր Վերոնիկային։