Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որևէ փոքրիկ սղմումից կաթիլ-կաթիլ արյուն կաթեցնել, հարստանում էին նրա մազերը, ինչպես քամուց քշված մի փոքրիկ ջրվեժ, աչքերը նմանում էին անապատի հեռավորության մեջ թաղված մի հատիկ գյուղի երկու ճրագներին, կուրծքը բարձրանում էր, ծիծաղում էր բարձր, թեթև և անհարկի։

— Այո, այո, ես կընեմ, ես կուգամ, ես կերթամ, ալ չեմ գար, եթե այդպես ուզես,— և ծիծաղում էր, երբեմն լաց լինում խաբելով դիմացինին՝ լա՞ց թե ծիծաղ, բայց միշտ պատրաստակամ, միշտ շարժուն, միշտ կենդանի աչքերով՝ ինչպես բռնված փոքրիկ թռչունն անգութ ձեռքերում։

Այդ օրը Վահրամն ու Վերոնիկան գաղտագողի իջան իրենց տան ներքնահարկը։ Նստեցին կոտրած և դարսված փայտի դեզերի վրա, գրկեցին իրար, մոտեցան նրանց շրթունքները և վառվեցին։

Նրանց թևերը գրկեցին իրար, ինչպես երկու հակառակ կողմերից եկող ջրի հոսանքներ։

Ներքնահարկի դուռը ճռճռաց, կրնկի վրա բացվեց, և ներս ընկավ հանգիստ քայլերով ու դահանակե աչքերով մի պատանի, կանգ առավ երկու երեք քայլ անելուց հետո, փայլեցին նրա աչքերը, ինչպես աչքերը գազանացած կատվի։

Վահրամը ճանաչեց ահավոր թշնամուն իր փոքրիկ եղբոր մեջ, նրան, որի օրորոցն էր օրորել և ուսերի վրա ման էր ածել։

Նրանց աչքերը հանդիպեցին իրար։ Երկար լռություն։ Ատամները սեղմվեցին։ Անծանոթ մի սարսափ անցավ յուրաքանչյուրից մյուսին և հանկարծ հարձակվեցին իրար վրա։

Մի քանի անգամ նրանք պառկեցին գետին, ցատկեցին վեր և երկուսը միասին հարձակվեցին իրենց սիրած աղջկա վրա։ Յուրաքանչյուրն աշխատում էր գրկել նրան, որպեսզի մյուսը չդիպչի։

— Դուն պղծեր ես իմ օրորոցը,— մռմռաց Հրաչը։

— Ո՞վ ես դուն, չեմ ճանչնար, Վերոնն իմս է,— բղավեց Վահրամը։

— Տեսնենք թե որո՞ւնը կըլլի,— պատասխանեց Հրաչը։

Եվ նրանք քաշքշեցին աղջկան, բռնեցին նրա կոկորդից,