Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վահրամն ու Վերոնիկան դավաճանել էին օրորոցի օրինականության դեմ։

Հրաչն իմացել էր այդ սերը, բայց ոչինչ չէր զգացել, երբ դեռ վեգի հետ էր խաղում և ինձ նման շներին էր հրամայում. նա մեծացավ, հասակ առավ, սկսեց զգալ սիրո կրակը։

Նրա փոքրիկ սրտում թպրտաց կինը։ Վերոնիկան օրորոցից իրեն էր պատկանել, ծնողները և զուգադիպությունն այդպես էին կամեցել։

Թե՛ ծնողները և թե՛ ազգականները մոռացել էին օրորոցի հինավուրց պատմությունը, բայց Հրաչն ուզեց ձեռք բերել օրորոցի իրավունքը։

Վահրամը Հրաչի աչքին նախ մի փոքրիկ քար թվաց, այդ քարը հետզհետե մեծացավ ինչպես սև, մթին մի ապառաժ։

Հրաչը սիրում էր եղբորը, եղբայրը նրա օրորոցն էր օրորել, տարել էր պարտեզները ման էր ածել, պատանեկության իր պատասխանատվությամբ, նրան այգիներ էր տարել, դասն էր սովորեցրել, փողոցի թշնամի տղաներից պաշտպանել, ինչ որ տնից թռցրել էր նրան էր տվել, նրա համար թռուցիկ էր շինել, լողալ էր սովորեցրել, բայց Վերոնիկայի մազի մի թելը մոռացրեց այդ բոլորը, և հանկարծ մի օր Հրաչը դադարեց Վահրամի հետ խոսելուց։

Վահրամը, սկզբում ոչինչ չհասկանալով, մինչև անգամ կարևորություն չընծայեց, բայց հետզհետե նշմարեց, որ Հրաչը կորցնում է իր եղբայրական աչքերը, նրա ամեն մի հանդիպումը դառնում է մութի մեջ թշնամական հանդիպում։

— Հրաչիկ, աղվորս, ի՞նչ կուզես, գառնուկս,— մի օր հարցրեց Վահրամը։

Հրաչը հառեց նրա բիբերի խորքը, ուզում էր աչքերի խորքից դուրս քաշել եղբոր սիրտը. Վահրամը խորը զգաց խանդը Հրաչի հոգում, կախեց գլուխը և հեռացավ։

Այդ օրից երկու եղբայրները խուսափում էին իրար հանդիպելուց, բայց չխուսափեցին խարույկը հրահրելուց։

Խարույկը վառվում էր, վառվում էր ինչպես հարավի արեգակը։

Վերոնիկայի այտերը կարմրում էին և պատրաստ էին