Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տարան Վերոնիկայի դիակը տուն, նա վերադարձավ տուն անփայլ աչքերով, հետզհետե մոր լացի աղաղակը մեղմացավ և ապա բոլորովին կորչեց։

Վահրամին ու Հրաչին տարան բանտ՝ շղթայակապ։

Մարդիկ ցրվեցին, բարձրացան կտուրները, խոսեցին անվերջ ոճրի մասին, մինչև քունը դարձավ անդիմադրելի։

Ժ

Ես քաղաքում համարվում էի լավ թռուցիկ շինողներիցա մեկը։ Շինում էի մեծ տրամագծով, երկար պոչով, գույնզգույն և փոփռան։ Ամառ երեկոները, երբ մեր կտուրների վրայով և փողոցների միջով անցնում էր զարմանալի քնքուշ քամին, մենք բաց էինք թողնում թռուցիկները ամենաբարձր կտուրներից, երբ դեռ արևը, վիթխարի ծիրանի նման, լողում էր դիմացի սարերի կապույտ անկողնում։ Մանիշակագույն մութը բարձրանում էր դաշտից, մանիշակագույն մեծ-մեծ քողեր կախվում էին և երկնքից թափվում էին աստղեր, աստղեր, ավելի առատ, քան որևէ երկնքում, այն ժամանակ արդեն մեր թռուցիկները սավառնում էին կապույտ եթերում գույնզգույն և մեծ լապտերներով։ Երբ կապույտը խտանում էր, թռուցիկներն այլևս չէին երևում, միայն լապտերներն էին, որ լողում էին երկնքում, երփներանգ և վառ, կարծես տեղահանված և օրորվող լուսիններ լինեին, որ թափառում էին և չէին կարող գտնել իրենց ծիրը։ Ամեն երեկո քաղաքի վրա լողում էին այսպիսի տասնյակ լուսիններ։ Պատահում էր, որ հանկարծ նրանցից մեկնումեկը այրվում էր. ահա բոցի մի խոշոր լեզու, միայն մի պահ, և չկա։

Մի օր ես բարձրացրել էի թռուցիկը ու թելի ծայրը կապել կտուրի լողին և, անհոգ ու գոռոզ, ընկողմանել էի կտուրի մի անկյունը և դիտում էի թռուցիկիս սավառնումը։ Նա սավառնում էր ավելի բարձր, քան բոլոր կտուրներից բարձրացող թռուցիկները։ Հանկարծ նշմարեցի, որ լողը գլորվում է։ Մինչև հասա, լողն ընկավ երեք հարկանի կտուրից ներքև, ուղիղ փողոցի մայթի վրա։ Սարսափահար ես կռացա և նայեցի կտուրից ներքև՝ ստուգելու համար, թե արդյոք որևէ