մեկի վրա ընկե՞լ է։ Մայթը դատարկ էր և ոչ ոքի չէր վնասել, բայց իմ սարսափն ավելի աճեց այն հեռապատկերից, որ կարող էր ընկնել մի մարդու վրա, սարսափն ավելի ու ավելի աճեց, երբ պատկերացրի, որ կարող է ընկնել հորս վրա, որ առհասարակ այդ ժամին էր վերադառնում տուն։ Աչքերս մթնեցին, հազիվ կարողացա ինձ ետ քաշել քիվից և վազեցի ներքև, կտրեցի թռուցիկի թելը, սկսեցի արագ կերպով կծկել։ Թռուցիկը եկավ-փաթաթվեց մեր տան դիմացի պարտեզի բարձր թթենուն։ Քաշեցի։ Ավելի փաթաթվեց։ Մտածում էի բարձրանալ ծառը և ազատել թռուցիկը, բայց հանկարծ հորս էշի զռոցը պայթեց փողոցում։ Քաշեցի, պոկեցի թելն ու բարձրացա հորս սենյակը և լուսամուտից սկսեցի դիտել փողոցը։ Ուզում էի իմանալ, թե հայրս պիտի նշմարի՞ լողը։ Նշմարեց և հարցրեց ծառային.
— Լողն ինչո՞ւ ընկեր է փողոցը։
Ծառան անմիջապես չկարողացավ պատասխանել, էշի սանձից բռնած՝ մոտեցավ լողին և տեսավ թռուցիկի թելի մնացորդը լողի վրա։ Ծառան անմիջապես գլխի ընկավ և բացատրեց հորս։
— Կանչիր քովս, տեսնամ,— պատվիրեց հայրս ծառային և վեր բարձրացավ։
Ես անմիջապես որոշեցի անելիքս. ցատկեցի լուսամուտից ներքև և անմիջապես բարձրացա այն խոշոր պահարանը, որտեղ դարսվում էին անկողինները։ Պահարանը ծածկվում էր վարագույրով։ Բարձրացա անկողինների վրա և պառկեցի, որովհետև գլուխս դիպչում էր առաստաղին։
Ծառան ամեն տեղ նայել էր և չէր գտել։
Եկավ ներս և ասաց.
— Հաջի էֆենդի, չոջուխը չերևաց։
Մայրս, ներս մտավ։
Հայրս նրան հարցրեց.
— Տեներն է, թռուցիկ կը թռցնե,— պատասխանեց մայրս։
Պարզ էր, որ մայրս տեղյակ չէր, թե ինչ էր պատահել։ Հայրս բացատրեց նրան։ Մայրս երկու ձեռքերով բռնեց քունքերը և բացականչեց.