Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վո՛ւյ, աչքս քոռնար...

Պահարանում ես կծկվեցի վախից։

Քիչ անց՝ մայրս սկսեց մտահոգվել իմ ճակատագրով։

— Շատ աղեկ, եղածը եղեր է, քա չոջուխը ո՞ւր է։

Եկան եղբայրներս ու քույրերս։ Տան մեջ սկսվեց չտեսնված որոնում։ Տան բոլոր ծակուծուկերը քրքրեցին, բացի հորս սենյակից։ Ո՛վ կարող էր մտքովն անցկացնել, որ հենց այդ սենյակում էի թաքնված։

Եղբայրներիցս ամեն մեկին ուղարկեցին հարևանների և ազգականների տները։ Վերադարձան թե՝

— Էնտեղ չի գացեր։

— Բախչայի ծառներուն վրա նայեցեք,— կարգացրեց հայրս։

Եղբայրներս ընկան պարտեզը, վերադարձան թե՝

— Չկա։

— Մութ է, չերևար,— կասկածեց մայրս։

— Լուսնի լուս է,— պատասխանեց մեծ եղբայրս։

Հայրս լցրեց օղու բաժակը (ես դիտում էի վարագույրի ճեղքից), բռնեց բարձրացրեց վեր, որ ճնկեր, ձեռքը մնաց օդում։ Նա երևում էր չափազանց մտահոգ։

— Չոջուխն ի՞նչ եղավ,— շշնջաց նա։

Նրա ձայնը դողդոջեց և թաղվեց խորը թախիծի մեջ։

Եթե այդ րոպեին ես ցատկեի պահարանից դուրս, հայրս ինձ կգրկեր ու կսեղմեր իր կրծքին, բայց, չգիտեմ ինչու, չարի։

— Ակոբ, տղա՛ս, ձին նստե, գնա քաղաք, եկո, մութլախա քեռանց տուն է գացեր,— ասաց մայրս մեծ եղբորս։

Եվ ետևից պատվիրեց.

— Ռիվոլվերը հետդ առ, եթե չոջուխը հոն է, հետդ մի բերեր, կվախնա, թող հոն կենա, քանի մ'օրմեն թող տղաքը բերեն։

Ես լսեցի, մի տասնևհինգ րոպե հետո, ձիու առողջ դոփյունը փողոցի սալահատակների վրա։

Սենյակում տիրեց կապարյա լռություն։ Այդ լռությունն ինձ ավելի անշարժ դարձրեց։ Մնալով անշարժ՝ վրաս քաղցր քուն եկավ, էլ չիմացա, թե ինչ պատահեց, հանկարծ թրմփացի