Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովորություն կար այդ աշխարհում, որ երբ հարսնևորները գնում էին տուն, և փեսան քաշվում էր իր հարսի հետ առանձին սենյակ, թաղի բոլոր 10-ից 15, մինչև 16 տարեկան աղաները հավաքվում էին առագասաի սենյակի լուսամուտի տակ և սկսում էին, դաժան անգութ մի կատակ։

Երեխաներից յուրաքանչյուրն իր հետ բերում էր մի որևէ առարկա, որով կարողանար ամենաանախորժ աղմուկը ստեղծել։ Մեկը՝ դատարկ տակառ, մյուսը՝ մի թիթեղե նավթի աման, մի ուրիշը՝ բոժոժներ, հաջորդը՝ մի զուռնա, թրմբուկ, շատերը՝ միայն երկու տափակ տախտակներ, շատերն էլ՝ երկաթի կտորներ։

Ոմանք միայն գոռում էին, ցատկում, աղմկում, ոմանք՝ միայն հրահրում կատակը։ Այս բոլորի հետ հավաքվում էին նաև թաղի շները, որոնք, միևնույն է, մինչև առավոտ պետք է հաչեին կամ ոռնային, ավելի լավ էր խառնվեին իրենց ցերեկվա ընկերներին։

Երբ հաջի Սողոմոնի հարսնևորները գիշերվա ժամը 12-ին հեռացան պարտեզից (ամառ էր, և հարսանիքը պարտեզումն էր), վառվեց հաջի Սողոմոնի սենյակի ճրագը, և մեկը փակեց լուսամուտի վարագույրը։

Երեխաները հավաքվեցին հաջի Սողոմոնի լուսամուտի առաջ և սկսեցին աղմկել։

Անասելի աղմուկ, անողորմ, վայրենի, բարբարոս մի աղմուկ։

Ամբողջ թաղը զարթնեց։

Կտուրների վրայի անկողիններից մարդիկ բարձրացան սպիտակ շորերով, եկան շարվեցին քիվերի վրա։

Երբ աղմուկը մի քիչ դադարում էր, որպեսզի ավելի անախորժ կերպով վերսկսի, կտուրների վրա գտնված մարդիկ հռհռում էին բարձրաձայն և ավելի քաջալերում երեխաներին։

— Հաջի Սողոմոն...— աղաղակում էր մեկը,— մյուսները միանում էին,— հաջի Սողոմո՜ն և այս աղաղակին հաջորդում էր տակառի, տախտակների, երկաթի, զուռնայի և թմբուկի անագորույն երաժշտությունը։

— Հաջի Սողոմոնն ամուսնացե՜ր է...