Խումբը կրկնում էր,— հաջի Սողոմոնն ամուսնացնե՜ր է...— և էլի անկարեկիր աղմուկ։
Բոլոր փեսաներն էլ այդ ցույցը բնական և սովորական էին համարել, լուռ լսել և շարունակել գիշերում ապրել առավոտը մի նոր կյանքի, բայց հաջի Սողոմոնը չհամբերեց, բաց արեց լուսամուտը, սպիտակ շապիկով մինչև մեջքը դուրս ընկավ և սկսեց հայհոյել.
— Չե՞ք ամչնար, ի՞նչ է, գացեք հորերնուդ քով, մորերնուդ քով, շան որդիներ...
Հաջի Սողոմոնն այնքան բարձր էր գոռում, որ կոկորդը քորվեց, սկսեց հազալ և, չկարողանալով բոլորն ասել, փակեց լուսամուտը և քաշվեց ներս։
Տանիքների վրա բարձրացավ ընդհանուր և սրտագին մի հռհռոց։
— Վա՛յ էշի գլուխ, չկրցավ սապր ընել, ծո ի՞նչ ես դուրս եկեր,— ասում էին շատերը։
Իսկ կատակողների խումբը վերսկսեց իր աղմուկն այնպիսի վերանորոգված վայրենությամբ, որ հաջի Սողոմոնին հասցրեց ջղայնության չտեսնված գագաթնակետին։
Հաջի Սողոմոնն էլի բացեց լուսամուտը և խորագույն լրջությամբ հայտարարեց.
— Հեռացե՛ք, կըսիմ։
— Հաջի Սողոմոնն ամուսնացե՜ր է...— գոռաց մեկը, և մյուսները կրկնեցին,— Հաջի Սողոմոնն ամուսնացե՜ր է...
— Հաջի Սողոմոնն ամուսնացե՜ր է, հա, դուք հաջի Սողոմոնի քեֆին քեհյա՞ն եք, ձեր մորը, հորն ի՞նչ ըսեմ, անկիրթներ,— պատասխանեց հաջի Սողոմոնը։
Կատակողները նշմարեցին, որ մեկը մթում ետևից նրան քաշում է ներս և լուռ աղաչում.
— Սողոմոն աղա, ձեն մի հաներ, օսանմիշ կըլլին[1], կհերտկին կերթան։
— Աղջի, թո՛ղ,— աղաղակեց հաջի Սողոմոնը և ետ քաշվեց:
Տանիքների հռհռոցի հետ բարձրացավ էլի մի սարսափելի աղմուկ։
- ↑ Կձանձրանան: