Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նշան աղան փախչում է։ Բազմությունը, թողած կնոջը, ընկնում է նրա ետևից։

— Սեփեթով կնիկ կտաներ, բռնեցին...

Ոստիկանները բաց թողին կնոջը, որը հրդեհից ահաբեկվածի նման, փախավ և կորսվեց։

Ոչ ք չիմացավ, թե ո՞վ էր և ո՞ւր գնաց։

Նշան աղան հասավ տունը, բայց չմտավ ներս, առաջ անցավ, որպեսզի բազմությունը չխռնվի դռան առաջ։ Բազմությունը հետևեց նրան՝ շարունակելով անգութ ծանակը։

Նա մտավ մի նեղ փողոց, դուրս եկավ մյուս լայն փողոցը՝ բազմությունը ետևից։

Աղաղակները շատացան, որովհետև բազմությունը շատացավ։

Տեսնելով, որ ելք չկա, Նշան աղան նորից դարձավ դեպի մեր փողոցը և մտավ իր տունը։

Բազմությունը խռնվեց դռան առաջ։ Բերնեբերան դեպքը մեծացավ, մի կինը եղավ երկու։

Մի ամբողջ ժամ հռհռացին, աղաղակեցին և ցրվեցին։

Նշան աղան մի քանի օրից հետո հազիվ դուրս եկավ։

ԺԱ

Անցնում էին մեր դռան առաջից ուղտերի քարավանները, որոնք գալիս էին Միջագետքից, գնում էին մինչև Սեբաստիա, Փոքր Ասիայի զանազան վաճառաշահ քաղաքներ և աշունքին, երբ մեր պարտեզներն արգասավորության լրումն էին առնում, վերադառնում էին դեպի անծայրածիր անապատները, դեպի բաբելոնական և արաբական հարուստ, ադամանդով, լուսաստղերի պես պայծառ քարերով լիքը քաղաքները։

Ուղտերը բերում էին մեզ հարավի քաղցր արմավը։ Երբ քարավանները գալիս էին, մեր շուկան վերակենդանանում էր, ամբողջ քաղաքը դառնում էր նրանց բոժոժների երգը, քաղաքը լցվում էր ուղտերի խաղաղ, իմաստուն նայվածքներով և նրանց երկար, հոգնած, աղերսական ձայնով։