Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուղտի նայվածքը խաղաղ է, ինչպես անապատի երկինքը։ Այդ նայվածքի հիշողությունը համառում էր մնալ մեր տեսողության մեջ նրանց հեռանալուց հետո էլ:

Քայլելիս՝ նրանք լուռ հառում էին իրենց հարավի անեզրությանը սովոր աչքերը մեր փողոցի պատերին, կարծես որոնելով անհուն և խաղաղ հորիզոնը, անտարբեր մանուկների ամբոխին, որը ընկնում էր նրանց ետևից՝ ձմեռային գուլպայի բուրդը ձեռք բերելու համար։

Ահա անցնում է մի ուղտ, զարդարված արևելյան հարսի նման, փոքրիկ հայելու կտորներով, գարնան հնչունակության բոժոժներով, մետաքսի կտորներով, գույնզգույն բրդյա հյուսվածքներով։

Դա քարավանի տիրոջ ընտանիքին պատկանած ուղտն է։

Քարավանի տերը բերում է իր հետ նաև ընտանիքը՝ ցույց տալու համար հյուսիսի տարօրինակ երկրները։ Զարդարված, բարձր, մեծղի ուղտի կռնակին զետեղված է մի պատգարակ, գույնզգույն մետաքսե վարագույրներով, որոնք օրորվում են ուղտի ռիթմիկ շարժմանը համընթաց։ Կանանց դեմքը ծածկված է ներքևից մինչև քթի կեսը, իսկ վերևից՝ մինչև հոնքերը. միայն սև աչքերն են փայլում, փայլում են ինչպես հարավի արեգակը։ Անվերջ ծամում են, նրանց ծնոտների ելևէջը հնազանդում է ուղտի օրորումին, ծամում են խաղաղությամբ և ծուլությամբ, նայում են մեր քաղաքի լուսամուտներին, կտուրներին, տղամարդկանց, կանանց, ընկողմանած գույնզգույն, վառող գույներով փոքրիկ բարձիկներին։ Անապատների այդ կանայք ունեն երազուն աչքեր, ուղտը օրորում է նրանց անվերջ, օրորում է գիշեր և ցերեկ, բաբելոնական երկրներից մինչև փոքրասիական քաղաքներն ու գյուղերը։

* * *

Քարավանը շարժվում է, պետք է հեռանա քաղաքից։ Վեր է կենում ուղտը, հառում է նայվածքը սահմանափակ հորիզոնին, տիրոջ հավատարիմ ծառան աճապարում է փոքրիկ