Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա,— մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան-նրան գրկում։ Բայց մեկ-երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜,— ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը