ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։
Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։
Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։
Մենք ճչացինք։
— Դևեն ելավ, դևեն ելավ...
Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտուն և ուրախ։
Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն-հեռուն հառած։
Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։
Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։
Աշունն ուշ էր հեռանում մեր երկրից, համառում էր՝ մինչև աղքատ կանայք վերջացնեին իրենց բաշաղը[1], մինչև կտուրի վրա եփվեին արևով պատրաստված քաղցրավենիները։
Միայն աշունքին զգում էինք, որ արև կա և քաղցր է, դուրեկան։
Մեր պարտեզի ծառերը դեղնում էին և կարմրում՝ արյան գույն։ Մեծ, ապտակի չափ տերևներ էին ընկնում ծառից,
- ↑ Այգեկութից մնացած խաղողի կամ ցորենի հավաքում։