Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հովնաթան ծնավ…

Եվ ծերուհին կանգ առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ և շողշողուն աչքերին։

Հովնաթանը շարունակեց գրել։

— Հովնաթան ծնավ Անդրեաս։

Ծերունի Անդրեասի հոգու մեջ թրթռաց անմահությունը։

Նրա աչքերի առաջ ծաղկեց բամբակենին, նրա ականջները լսեցին գարնան առվակի կարկաչը, նրա ռնգունքները ներշնչեցին կավի թարմ բույրը, և երակներում զրնգաց արյունը։

Ը

Բայց մահը եկավ, որովհետև հոգնած մարմինը կարոտում է հողը, կարոտում է իր նախնական ձևը։

Եվ ծերունի բրուտը կյանքի անկողնում, որ պիտի դառնար մահվան անկողինը, ցանկության հայտնեց, որ բոլոր նրանք, որոնք իրենից էին սերել, հավաքվեն իր շուրջը։

Հավաքվեցին։

Հավաքվածների մեջ կային արդեն պատկառելի ծերունիներ և պառավներ, բայց բոլորն էլ եկել էին, ըստ Անդրեասի ցանկության, տոնական զգեստներով, ոսկեզարդ ճակատներով, ատլաս ու խումաշ հագած։ Նրանց մեջ կային մի քանի օր առաջ ծնվածներ, ներկա էին նրանք, որոնք արևի աշխարհի առաջին լուսամուտի ետևում թպրտում էին դուրս գալու, որոնք չպիտի տեսնեին ծերունուն, բայց, թերևս, պիտի լսեին նրա վերջին խոսքերը։

Ծերունի Անդրեասը նշան արավ իր անդրանիկ որդի Երեմիային, որ վերցնի իրեն և նստեցնի անկողնում։ Երեմիային օգնեց տասնվեցամյա Հովնաթանը, գանգրահեր և կապուտաչյա։ Նա դրեց բարձերը պապի մեջքին, թևերի տակ և մի փոքրիկ բարձ էլ, աղավնու փետրից՝ գլխի ետևում։

Ծերունի Անդրեասի սպիտակ, բայց խիտ հոնքերը կախվեցին հանգելու մոտ աչքերի վրա, ինչպես ամպերն են սքողում վերջալույսների արյունաթաթավ արեգակը։ Նրա ձեռքերը, հանգչեցրած սպիտակ բարձերի վրա, գրեթե մի դարի պատմություն ունեին։ Այդ ձեռքերը, որոնց կապույտ երակ