Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ները ճյուղավորված էին, ինչպես գետերը մայր երկրի, թափեցին առաջին աղյուսը, և այդ աղյուսից աճեց դաշտի մեծ և նոր քաղաքը։ Այդ ձեռքերով շինված կարմիր գավերից բյուրավորներ խմեցին մուգ գինին և երջանկացան։

Հովնաթանը, որ բարձերը տեղավորելուց հետո կանգնած էր սնարից մի քիչ հեռու, տեսավ, որ պապը նշան է անում մոտենալու իրեն։

Մոտեցավ նրան կապուտաչյա և գանգրահեր պատանին և ճակատը մոտեցրեց պապին։

Ծերունի Անդրեասը հոնքերը վեր առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ աչքերին, ինչպես լեռներից հեռացող ճամփորդն է հառում լեռնային կապույտ լճակին։

Եվ ծերունի Անդրեասը խոսեց.

— Ինձանից մի նեղանար, ի՛մ սերունդ, բոլորիդ սիրում, եմ, բայց Հովնաթանին շատ ավելի եմ սիրում, Հովնաթանն իմ պատկերն է, երբ ես նրան այժմ տեսնում եմ, հիշում եմ ինձ այն ժամանակ, երբ ես առաջին աղյուսն էի թափում։

Ոչ ոք չբողոքեց։

Հովնաթանը նստեց պապի անկողնի վրա։

Լռությո՜ւն, անսահմա՜ն լռություն։

Ծերունին նորից նայեց Հովնաթանին, հիշեց իր մանկությունը և սկսեց խոսել։

Եվ նրա ձայնը բխում էր խաղաղ և լուսավոր լռությունից.

— Գնում եմ այս աշխարհից, հոգնել եմ, զավակնե՛րս, մինչև խոր ծերությունս չարխ դարձրի, ամբողջ մարմնիցս այժմ գալիս է կավի հոտը, ուզում եմ, որ ոսկորներս հող դառնան և հանգստանան. կավ էի, նորից կավ եմ դառնալու։ Ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, թող կավի շերտերը գան վրաս, լցվեն, իմ մարմինն էլ խառնվի այն կավին, որ դուք պիտի գործածեք գավերը շինելու։ Ասում եմ՝ ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, որպեսզի իմ կավն էլ խառնվի հեղեղների բերած կավին, այդ կավից գավ շինեք, գինի խմեք նրանով և ձեր շրթունքները հպեն ինձ…

Հեկեկանքի զսպված հծծյուններ լսվեցին հարսներից։

Ծերունի Անդրեասը նայեց նրանց սպիտակած հոնքերի տակից, փորձելով բարկանալ նրանց վրա, բայց մահվան մոտիկությունը չէր թողել նայվածքի ոչ մի խոժոռություն։