Ծերունին վերջին ճիգով ձեռքը թափ տվեց, որ լռեն։
Հեկեկանքները խեղդվեցին կոկորդներում։
Ծերունին շարունակեց.
— Երեմիա, թող փոքր հարսներս գնան և գինի բերեն, խմեցեք, մեկնելուց առաջ տեսնեմ։
Փոքր հարսները դուրս վազեցին։ Քիչ անց՝ գավերը լցվեցին թանաքի նման մուգ և թանձր գինով։ Բոլորը խմեցին։ Մայրերը մատները թաթախեցին գինու մեջ և քսեցին իրենց մատղաշ երեխաների շրթունքներին։
Ծերունին հանկարծ ժպտաց։
Նրա ժպիտն այլևս այս աշխարհին չէր պատկանում — ժպտում էր նա մի նոր աշխարհի։
Հովնաթանը, որ նստած էր պապի անկողնի վրա և նրա ծնկները դիպչում էին իր կողին, միայն նա լսեց պապի վերջին խոսքերը։ Նա վերջին խոսքն արտասանեց բերանն այս աշխարհին, բայց նայվածքը հառած նոր աշխարհին։
— Գնում եմ,— շշնջաց ծերունին,— ցավ չունեմ և ոչ էլ…
Այլևս լսելի չեղավ նրա ձայնը։
Բոլորը ոտի կանգնեցին և գլուխները խոնարհեցին։
Երեմիան խաչակնքեց։
Բոլորը հետևեցին։
Խաղաղությո՜ւն։
Երկար վիճաբանությունից հետո՝ Երեմիան զիջեց մյուսներին և որոշեցին թաղել պապին ոչ թե վերին ավազանի հատակում, այլ գլխին։ Երեմիան պնդում էր, որ հոր խնդիրքը պետք է կատարվի։
Կեսօրից հետո փայտե դագաղի մեջ դրած պապին իջեցրին բրուտանոցը և դրին այն չարխի վրա, որը պտտացրել էր պապը ավելի քան կես դար։ Երբ երկար մոմերը վառեցին չարխի երկու կողմերին, Երեմիան նշմարեց, որ Հովնաթանը բրուտանոցի հեռավոր անկյունում, ինչ֊որ շինում է կավով։ Հայրը մոտեցավ նրան.
— Ի՞նչ ես շինում, տղաս,— հարցրեց Երեմիան՝ գլխի չընկնելով, թե ինչ է շինում։