Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պապի համար եմ շինում,— պատասխանեց կապուտաչյա և գանգրահեր պատանին։

Երեմիան բռնեց նրա գլուխը և համբուրեց։

Հաջորդ օրը բոլորն օգնեցին Հովնաթանին՝ հնոց տանելու այն վիթխարի սնդուկը, որը շինել էր նա իբրև սարկոֆագ։ Ո՛չ Հովնաթանը և ո՛չ էլ դաշտեցիները գաղափար չունեին սարկոֆագի մասին, բայց բոլորն էլ համաձայնեցին, որ լավ էր դնել դագաղը այդ կավե սնդուկի մեջ, որի դրսի պատերի վրա Հովնաթանն իրենց դաշտի ծաղիկները և պտուղներն էր քանդակել։

Այդ գիշեր թրծեցին սարկոֆագը և առավոտյան պապի դագաղը դրին մեջը։

Մեծ հարսը, Հովնաթանի մայրը, բերեց մի փարչ գինի, մի կողով ծիրան և մի փունջ վարդ ու դրեց պապի սարկոֆագի մեջ. գինին՝ դագաղի գլխավերևում, ծիրանը՝ ոտների մոտ, իսկ վարդը՝ կրծքի վրա։

Վերի ավազանի գլխին փորեցին մի խոր փոս, իջեցրին պապի սարկոֆագը մեջը։

Պապի սերունդից մի քանիսը ձայնակցեցին քահանային և տիրացուներին, երբ նրանք երգում էին «ի վերին Երուսաղեմ»։

Մի քանի օր անց՝ Երեմիան և նրա եղբայրները լծեցին սայլը, վերցրին քլունգները և գնացին հին լեռը, քանդեցին լեռան կողը, դուրս բերին սպիտակ և կանաչ երակներով քարի մի խոշոր բեկոր, տվին քարտաշին, որ ձևավորի իբրև շիրմաքար։

Մինչ քարտաշն աշխատում էր սպիտակ և կանաչ երակներով քարի վրա, գանգրահեր և կապուտաչյա Հովնաթանը նորից էր խաղում կավի հետ բրուտանոցի հեռավոր անկյունում։

Սկզբի օրերը ոչ ոք չհետաքրքրվեց նրանով, այնինչ պապի բոլոր որդիները, աղջիկները, հարսները, թոռները և թոռան զավակները բոլորվում էին քարտաշի շուրջը և դիտում նրա մուրճի յուրաքանչյուր հարվածը։ Սպիտակ քարը փշրվում էր, թափվում գետնին և սպիտակեցնում, ինչպես տաշտի ալյուրը։