Բոլորը ոտքի կանգնեցին, խոնարհեցին գլուխները, խաչակնքեցին լուռ։ Լսվեց ծանր դռան բացվելը, և լսվեց դաշտի քամու երգը, որ գալարվում էր ծառերի, որթատունկերի և բարձր, մարդահասակ խոտերի մեջ։
Քարտաշը փորագրեց օրը բոլոր։
Հաջորդ կիրակին, Անդրեասի հոգու համար մատուցված պատարագից հետո, հավաքվեցին պապի բոլոր որդիները, աղջիկները, թոռները, թոռների զավակները, վերցրին շիրմաքարը, անցան հեղեղատը, հանգչեցրին շիրմաքարը Դավթի և Մարիամի որդի Անդրեասի աճյունների վրա։
— Ո՞ւր է Հովնաթանը,— հարցրեց Երեմիան։
— Բրուտանոցում,— պատասխանեց մեծ հարսը։
— Ի՞նչ է շինում։
— Ո՞վ է իմանում,— ուսերը բարձրացնելով պատասխանեց մեծ հարսը։
Բոլորը վերադարձան։
Շիրմաքարը մնաց մենակ։
Երեմիան մտավ բրուտանոցը։
Հովնաթանը նստել էր չարխի կողքին, ձեռքը դրած չարխի վրա, գլուխը կախ, հոգնած և անքուն։
Հայրը մոտեցավ Հովնաթանին, պատրաստված խստիվ կշտամբելու պապի այն թոռանը, որին պապն ամենից շատ էր սիրում, և որը ներկա չգտնվեց նրա շիրմաքարի հանգչեցնելուն, բայց երբ տեսավ չարխի վրայի կավի զանգվածը, ապշահար կանգ առավ։
Կավն արդեն ձև էր ստացել և որոշ չափով նմանվում էր պապին։
— Հովնաթա՛ն…— բացականչեց Երեմիան։
Հովնաթանը բարձրացրեց գանգրահեր գլուխը և ժպտաց կապույտ և հոգնած աչքերով։
— Հայրի՛կ,— կերկերաց Հովնաթանը,— ուզում եմ, որ պապն ապրի։